Վրաստանում սկսվում է կորոնավիրուսի դեմ պատվաստումը
Վրաստանում սկսվում է կորոնավիրուսի դեմ պատվաստումը

Վրաստանում այսօրվանից սկսվում է կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացը: Առաջին փուլում պատվաստվում է բժշկական անձնակազմը:

Կորոնավիրուսի պատվաստանյութով առաջինը, ժամը 09:00-ին ուղիղ եթերում պատվաստվել է հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ, Պաատա Իմնաձեն: Դրա հետ մեկտեղ, պատվաստվելու են՝ Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբաիան, ինֆեկցիոն հիվանդանոցի մեկուսացված բաժանմունքի վարիչ Մարինա Էնդելաձեն, Բոճորիշվիլիի կլինիկայի տնօրեն Դավիթ Գադելիան և էլեկտրոնային պորտալում գրանցված առաջին բժիշկ, Լուգարի լաբորատորիայի աշխատակից, Թամար Գիորգաձեն:

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեի խոսքով, պատվաստումը կսկսվի այսօր Թբիլիսիում, ինչպես նաև երկրի 29 տարածաշրջանային կենտրոններում, իսկ մարտի 17-ից ՝ գործնականում բոլոր շրջաններում: Նրա խոսքով ՝ պատվաստումներ կիրականացվեն 89 շրջանում:

Էլեկտրոնային համակարգում բժշկական անձնակազմի գրանցումն արդեն ընթացքի մեջ է: Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության ազգային կենտրոնի տվյալներով, մարտի 14-ի ժամը 23:00-ի դրությամբ BOOKING.MOH.GOV.GE էլեկտրոնային պորտալում արդեն գրանցվել է 2 067 բուժաշխատող:

Վրաստանի բռնազավթված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարության տվյալներով, «կովիդ 19»-ի դեմ պատվաստմանը ենթակա են առողջապահության ոլորտում աշխատող բոլոր անձինք` բժիշկ, բուժքույր, սանիտար, լաբորանտ, ատամնաբույժ, հանրային առողջապահության մասնագետ, համավարակաբան, վարչական աշխատող (մենեջեր, վարորդ, գրանցող և այլն):

«Եթե առողջապահության ոլորտում աշխատող անձին գործատուն գրանցել է հատուկ էլեկտրոնային համակարգում և վերջին 120 օրվա ընթացքում նա չի վարակվել կորոնավիրուսով, ապա կարող է գրանցվել «կովիդ 19»-ի  պատվաստմանը իր համար ցանկալի բժշկական հաստատությունում», – հայտարարել են Առողջապահության նախարարությունից:

Միևնույն ժամանակ, գերատեսչությունում պարզաբանում են, որ «կովիդ 19»-ի դեմ պատվաստումը վարակի դեմ պաշտպանության արդյունավետ և անվտանգ միջոց է:

«Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, առողջապահական գերատեսչությունները և արհեստավարժ բժիշկները խորհուրդ են տալիս «պատվաստել կոիդ 19-ի դեմ»», – ասված է Առողջապահության նախարարության հայտարարության մեջ:

Ըստ հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար, Ամիրան Գամղրելիձեի, պատվաստումների գործընթացը մեկ շաբաթվա ընթացքում տարածվելու է երկրի բոլոր քաղաքային կենտրոններում և աշխարհագրական մատչելիությունը առավելագույնի կհասցվի ՝ հնարավորինս սեղմ ժամկետում ստացված 43 200 չափաբաժինները սպառելու համար:

«Այս պատվաստանյութը ներարկվում է երկու անգամ, այսինքն` երկրորդ պատվաստումը կիրականացվի ութից 12 շաբաթվա ընթացքում: Դրա համար համապատասխան հաստատում կա, որ ապրիլի երկրորդ կեսին ներմուծվելու է «Աստրազենեկայի» լրացուցիչ 86 000 չափաբաժին», – հայտարարել է Ամիրան Գամղրելիձեն:

Նրա խոսքով, պատվաստվածների թիվը ամեն օր կհրապարակվի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի պորտալում: Միևնույն ժամանակ, ըստ Ամիրան Գամղրելիձեի, յուրաքանչյուր պատվաստված անձի կտրվի երկլեզվանի վկայագիր:

Միևնույն ժամանակ,Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի տեղեկությամբ, մարտի 22-ին Վրաստանը կստանա նաև «Փայզեր» պատվաստանյութի չափաբաժինները, որոնք անհրաժեշտ են 14 500 մարդու պատվաստելու համար, ինչը բավարար կլինի կրկնակի պատվաստման համար:

Վրաստանը մարտի 13-ին ստացել է կորոնավիրուս պատվաստանյութի առաջին խմբաքանակը, այսինքն ՝ «Աստրազենեկայի» պատվաստանյութի 43 200 չափաբաժին, որը բաժանվել է Թբիլիսիի և տարածաշրջանների համապատասխան բժշկական կենտրոններին: