Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցի միջոցով պարսկերենով դիմել է իրանցիներին - Մենք հետևում ենք ձեր բողոքին և ոգեշնչված ենք ձեր քաջությամբ
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ՝ Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցում արձագանքել է Իրանում տեղի ունեցող հակակառավարական ցույցին: Նա իրանցիներին դիմել է ինչպես անգլերեն, այնպես էլ պարսկերեն լեզուներով:
«Քաջ և տանջված Իրանի ժողովուրդ. Իմ նախագահության առաջին իսկ օրվանից կանգնած եմ ձեր կողքին և իմ աշխատակազմը կշարունակի մնալ ձեր կողքին: Մենք ուշադիր հետևում ենք ձեր բողոքին և ոգեշնչված ենք ձեր քաջությամբ»,- գրել է Դոնալդ Թրամփը իր ֆեյսբուքի էջում:
Ըստ իրանական լրատվամիջոցների, Թեհրանում տեղի է ունեցել հակակառավարական ցույց: «Ռոյթերս» գործակալությունը, վկայակոչելով տեղական մամուլը, հաղորդում է, որ հարյուրավոր մարդիկ փողոց են դուրս եկել այն բանից հետո, ինչ երկրի կառավարությունը ճանաչել է «ուկրաինական ավիաուղիների» ինքնաթիռը «սխալմամբ» գնդակոծելու փաստը: Թեհրանի փողոցներ դուրս եկած ցուցարարները պահանջել են հետաքննություն անցկացնել և պատժել մեղավորներին: Բացի այդ, նրանք պահանջում են երկրի հոգևոր առաջնորդ՝ Այաթոլլահ Ալի Խամենեի հրաժարականը: Ըստ «Ռոյթերսի» ցուցարարները պատռել են նաև մահացած գեներալ, Ղասեմ Սոլեյմանի լուսանկարները: Իրանական մամուլի հաղորդմամբ ցույցը ցրել են ոստիկանները: