Բարդ օրեր են սկսվում, պետք է պատրաստ լինենք վարակի մուտացված տարբերակի անվերահսկելի տարածմանը. Իրանի Առողջապահության նախարարություն
Իրանի Առողջապահության նախարարությունում հայտարարում են, որ երկրին սպառնում է կորոնավիրուսի չորրորդ ալիքը: Դրա պատճառը նախարարությունում անվանում են, «կովիդ 19»-ի նոր տեսակների տարածումը:
«Դժվար օրեր են սկսվում մեզ համար: Մենք պետք է պատրաստվենք վարակի մուտացված տարբերակի անվերահսկելի տարածմանը»,- ասված է Իրանի Առողջապահության նախարարության հայտարարության մեջ:
«Ռոյտերի» հաղորդմամբ, ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել էր, որ երկրի հարավարևմտյան մասի չորս քաղաքներում համավարակաբանական իրավիճակը վատթարացել է, այդ պատճառով այդ բնակավայրերը հայտարարվել են «կարմիր գոտիներ»:
Առողջապահության նախարարության ներկայացուցիչները հաստատեցին, որ Իրանում արդեն հայտնաբերվել է կորոնավիրուսի այսպես կոչված Բրիտանական շտամը: Գերատեսչությունը քաղաքացիներին կոչ է անում զերծ մնալ մասսայական հավաքներին մասնակցելուց:
Իրանը մի քանի օր առաջ սկսել է կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացը: Ըստ ծրագրի, մինչև մարտի 20-ը պատվաստվելու է 1,3 միլիոն մարդ:
Իրանում համավարակի տարածումից առ այսօր, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1,5 միլիոն դեպք: Մահացել է 58 883 մարդ: