«Իրանի ռեժիմը աշխարհում ահաբեկչության առաջատար պետական հովանավորն է»: Սա թույլ է տալիս «Հիզբոլլահին», ՀԱՄԱՍ-ին եւ «շատ այլ ահաբեկիչներին քաոս սերմանել եւ անմեղ մարդկանց սպանել»: Այս մասին ասվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության մեջ:
Նա Իրանին մեղադրում է «ավելի քան 100 հազար զինյալներին ֆինանսավորելու, զինելու եւ վերապատրաստելու համար Մերձավոր Արեւելքում ավերվածությունների տարածման համար»:
Նրա խոսքով՝ «Իրանի ռեժիմի հրթիռները սպառնում են հարեւան երկրներին եւ միջազգային դատարաններին: Իրանի հոգեւոր առաջնորդը եւ նրա իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, օգտագործում են զանգվածային ձերբակալությունները եւ խոշտանգումները Իրանի ժողովրդին ճնշելու համար: Իրանի իշխող էլիտան թույլ է տվել, որ իր քաղաքացիները սովամահ լինեն՝ հարստանալով երկրի ազգային հարստության կողոպուտի հաշվին», – նշել է Թրամփը:
Նա նշել է, որ ԱՄՆ-ն «աջակցում է իրանցի խիզախ քաղաքացիներին, որոնք փոփոխություններ են պահանջում կոռումպացված ռեժիմից»: «Եվ կարեւորը, մենք կոչ ենք անում բոլոր երկրներին նման աջակցություն ցուցաբերել իրանական ժողովրդին, որը տառապում է ռեժիմից, որը ոտնահարում է հիմնարար ազատությունները եւ զրկում իր քաղաքացիներին ավելի լավ կյանք կառուցելու հնարավորությունից»:
Թրամփը նշել է, որ նախորդ նախագահ Բարաք Օբաման չի գործել, երբ իրանցիները 2009 թվականին փողոց էին դուրս եկել: «Նա փակել էր աչքերը, երբ Իրանը ստեղծեց եւ փորձարկեց վտանգավոր հրթիռները եւ արտահանեց ահաբեկչությունը: Նա թույլ տվեց Իրանի սարսափելի սխալ միջուկային գործարքի կայացումը»:
Այս համաձայնագրի արդյունքում «Իրանական ռեժիմը ձեռք է բերել 100 միլիարդ դոլար, որոնք չեն օգտագործվել Իրանի ժողովրդի կյանքը բարելավելու համար: Փոխարենը նրանք օգտագործվել են զենքի, ահաբեկչության եւ ճնշման նպատակով, ինչպես նաեւ լցրել են կոռումպացված ռեժիմի ղեկավարների գրպանները: Իրանցիներն այդ մասին գիտեն, եւ սա այն պատճառներից մեկն է, որ շատերը վրդովմունքն արտահայտելու համար դուրս են եկել փողոց»: