Վրաստանում, պատժակատարողական հաստատության 780 աշխատակից առաջիկա շաբաթվանից կբնակվի կալանավայրում

Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանիի հայտարարությամբ կորոնավիրուսի կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում նորույթ կա նաև Վրաստանի կալանավայրերում:

Նախարարի խոսքով, ընտրվել է պատժակատարողական հաստատության 780 աշխատակից, ովքեր առաջիկա շաբաթվա ընթացքում կապրեն կալանավայրերի շենքերում:

«Ինչպես տեսանք, վարակն անցել է նոր փուլ և մենք էլ անցնում ենք վարակի դեմ պայքարի նոր փուլի: Մենք մշակել ենք այն մոդելը, որը սովորական պայմաններում բնական չէ կալանավայրերի համակարգի համար: Ընտրվել է 780 աշխատակից, ովքեր երեկ ներկայացել են աշխատավայր, կալանավայրերի տարածք: Նրանք առաջիկա շաբաթվա ընթացքում այլևս չեն վերադառնա տուն:

780 աշխատակից կբնակվի կալանավայրերի շենքում, առանց այս տարածքը լքելու, որպեսզի մենք և կալանավորները չունենանք մտավախություն, որ դրսից որևէ տեսուչ ներս կբերի վարակ:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այս 780 աշխատակիցներին, քանի որ նրանք կայացրել են ինքնակամ որոշում, ժամանակավորապես լքել ընտանիքները և անցնել շուրջօրյա հերթապահության: Նրանք կստանան անվճար սնունդ և ֆինանսական արտոնություններ, որպեսզի աշխատանքի այսպիսի ռեժիմը գոնե մասամբ փոխհատուցվի»,- հայտարարել է Թեա Ծուլուկիանին: