Վրաստանը կարող է Հայաստանի համար անցկացնել օրական 500-1000 «PCR» թեստ կամ նվիրել 10 հազար թեստ
Վրաստանը կարող է Հայաստանի համար անցկացնել օրական 500-1000 «PCR» թեստ կամ նվիրել 10 հազար թեստ

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի հայտարարությամբ, այսօր Հայաստանի և Վրաստանի առողջապահության նախարարների միջև կայանալու է հեռախոսազրույց և Հայաստանին օգնության վերաբերյալ պարզվելու են մանրամասներ:

«Հիվանդությունների վերահսկման կենտրոնի իրավասությամբ կարող եմ ասել, որ կարող ենք օգնել թեստավորման հարցում: Ամեն օր Հայաստանի համար կարող ենք անցկացնել 500-ից 1000 «PCR» թեստ:

Ընդամենը 4 ժամվա ճանապարհ է և եթե ունենանք նմուշներ, ապա 24 ժամում կարող ենք նրանց ուղարկել պատասխանները կամ ևս մեկ տարբերակ, կարող ենք Հայաստանին նվիրել 10 հազար «PCR» թեստ»,- հայտարարել է Գամղրելիձեն:

Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել էր, որ որևէ երկիր չի կարող միայնակ հաղթահարել կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամը:

Նրա խոսքով, Վրաստանը քննարկում է հարևան Հայաստանին օգնելու հարցը և համապատասխան առաջադրանքը տրվել է առողջապահության նախարարությանը: