Թրամփը կանխատեսել է Հյուսիսային Կորեայի հետ «աշխարհի մեծագույն գործարքը»
Թրամփը կանխատեսել է Հյուսիսային Կորեայի հետ «աշխարհի մեծագույն գործարքը»

ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև  բանակցությունները կավարտվեն «դարի մեծագույն գործարքով» կամ կտապալվեն, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Նա նշել է, որ հիմա «ճիշտ» ժամանակն է Փհենյանի հետ խնդիրները լուծելու համար: «Ո՞վ գիտե, թե դրանից ինչ կստացվի: Հնարավոր է, որ ես կա՛մ արագ լքեմ բանակցային գործընթացը, կա՛մ նստեմ բանակցությունների սեղանի շուրջ և  հասնեմ դարի մեծագույն գործարքին»,- ասել է Թրամփը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ վստահում է Հյուսիսային Կորեայի խոստումներին՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների ժամանակ հրթիռային փորձարկումներից զերծ մնալու մասին: «Ես հավատում եմ, որ նրանք կհետևեն այդ պարտավորություններին»,- նշել է Թրամփը:

Հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ընը մարտի 9-ին հայտարարել էր Թրամփի հետ «հանդիպումը որքան հնարավոր է շուտ անցկացնելու» ցանկության մասին: ԱՄՆ նախագահը հաստատել էր մինչև այս տարվա մայիս բանակցություններ վարելու իր համաձայնությունը: ԱՄՆ նախագահին կատարած առաջարկի նախօրեին՝ մարտի 5-ին, Հյուսիսային Կորեայի նախագահն առաջին անգամ հանդիպել էր հարավկորեական պատվիրակության հետ: Հարավային Կորեայի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Չոն Ըյ Յոնը նշել էր, որ Կիմ Չեն Ընն ինքն է բարձրացրել Փհենյանի հնարավոր միջուկային զինաթափման թեման և հավաստիացրել իր մտադրությունների լրջության մասին: