Դոնալդ Թրամփի նկատմամբ սպառնալիքների պատճառով «Թվիթերը» արգելափակել է Իրանի հոգևոր առաջնորդի օգտահաշիվը
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախկին նախագահ, Դոնալդ Թրամփին ուղղված սպառնալիքների պատճառով, «Թվիթեր» սոցիալական ցանցը արգելափակել է Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլա Ալի Խամենեի օգտահաշիվը: Տեղեկատվությունը տարածում է «BBC»-ն:
«Վրեժխնդրությունն անխուսափելի է: Սոլեյմանի մարդասպանը և նրա սպանության պատվիրատուները ստիպված կլինեն վճարել դրա համար», – գրված էր Իրանի առաջնորդի «Թվիթերի» միկրոբլոգում:
Այաթոլա Ալի Խամենեին ասել է, որ չի մոռանա Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի «Ղուդսի» հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանի սպանությունը:
Միկրոբլոգի գրառմանը փակցված էր լուսանկար, որտեղ Դոնալդ Թրամփը գոլֆ է խաղում, որի վերևի մասում ռազմական ինքնաթիռի կամ անօդաչու թռչող սարքի ստվեր էր: