Պուչդեմոնը կոչ է արել Իսպանիայի կառավարությանը՝ թույլ տալ իրեն հայրենիք վերադառնալ

Կատալոնիայի ժեներալիտետի նախկին նախագահ Կառլես Պուչդեմոնը կոչ է արել Իսպանիայի կառավարությանը թույլ տալու իրեն երկիր վերադառնալ։ Այս մասին նա հայտարարել է Reuters գործակալության հետ հարցազրույցում։

«Դա լավ նորություն կդառնա Իսպանիայի համար»,- համոզված է Պուչդեմոնը։

Նա նշել է, որ ցանկանում է հայրենիք վերադառնալ օրերս ընտրված տարածաշրջանային խորհրդարանի առաջին նիստից առաջ։ Առաջին նիստը կկայանա հունվարի 23-ին։

Պուչդեմոնն ընդգծել է, որ շարունակում է մնալ տարածաշրջանային կառավարության նախագահ։ Նա հավելել է, որ պատրաստ է լսել Մադրիդի ցանկացած առաջարկ, նույնիսկ եթե դրանում խոսք չլինի Կատալոնիայի անկախության մասին։