Կատալոնիայի տարածաշրջանային խորհրդարանական ընտրություններում անջատողական կուսակցությունները հատել են 50 տոկոսանոց շեմը

Կատալոնիայի տարածաշրջանային խորհրդարանական ընտրություններում անջատողական կուսակցությունները հատել են 50 տոկոսանոց շեմը: Այս մասին հայտնում է «Ռոյտերը», հիմնվելով տեղական լրատվամիջոցների վրա:

Ձայների 99 տոկոսը հաշվելուց հետո հայտնի դարձավ, որ ձախ «Էսքերա Ռեպուբլիկանա Դե Կատալունիա» կուսակցությունը կգլխավորի տարածաշրջանային կառավարությունը:

Անջատողական կուսակցություններն ունեն ձայների 50,9 տոկոսը: Նախնական կանխատեսման համաձայն, անջատողական կուսակցությունները կկազմեն կոալիցիոն կառավարություն:

Ընտրությունների մասնակցությունը 53 տոկոս էր: Կատալոնիայի անջատողական կուսակցությունների առաջնորդները Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսին կոչ են անում միանալ անկախության հանրաքվեի բանակցություններին:

Իսպանացի սոցիալիստները հավաքել են ձայների 23 տոկոսը, ինչը մի փոքր աճ է նախորդ ընտրությունների համեմատ: