Կատալոնիայի տարածաշրջանային նոր խորհրդարանն իր խոսնակ է ընտրել Ռոժե Տորենտին։ Այսօր կայացած հիմնադիր ժողովի ընթացքում Ձախ հանրապետական կուսակցության անդամ Տորենտի թեկնածության օգտին է քվեարկել 135 պատգամավորներից 65-ը։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն։
Մինչև հունվարի վերջ Բարսելոնայի խորհրդարանը նաև պետք է ընտրի տարածաշրջանային վարչակազմի ղեկավար։ Դեկտեմբերի 21-ին Կատալոնիայում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում տարածաշրջանի անկախության գաղափարի կողմնակիցների ճամբարը՝ կատալոնական վարչակազմի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնի գլխավորությամբ, կրկին ստացել է բացարձակ մեծամասնություն։ Այդ իսկ պատճառով Պուչդեմոնը պետք է կրկին ընտրվի տարածաշրջանի ղեկավարի պաշտոնում։ Նա, սակայն, թաքնվում է Բելգիայում, վերադարձն Իսպանիա սպառնում է ձերբակալությամբ։