Մակա Բոճորիշվիլին հանդիպել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարի հետ
Ղազախստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակներում Վրաստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին հանդիպել է Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Երմեկ Կոշերբաևի հետ։
Վրաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, հանդիպմանը նշվել է Վրաստանի և Ղազախստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատման կարևորությունը վարչապետի Ղազախստան կատարելիք այցի շրջանակներում, որը նշանավորում է վրաց-ղազախական երկկողմ հարաբերությունների նոր փուլի սկիզբը և կնպաստի համապարփակ համագործակցությանը։
«Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները։ Ընդգծվել է երկու երկրների միջև ամենաբարձր և բարձր մակարդակի երկխոսության պահպանման կարևորությունը։
Հատուկ ուշադրություն է դարձվել Վրաստանի և Ղազախստանի միջև համագործակցությանը «Միջին միջանցքի» զարգացման գործընթացում և երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը», – ասվում է Վրաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։