Լե Մոնդ – Որոշ եվրոպացի լրագրողներ և քաղաքական գործիչներ դարձել են ֆիշինգային հարձակման թիրախ
Ֆիշինգային հարձակման թիրախ են դարձել մի քանի եվրոպացի լրագրողներ և քաղաքական գործիչներ: Ֆրանսիական «Լե Մոնդ» թերթը հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության մասնագիտացված ստորաբաժանումը կանգնած է հրատարակության լրագրողների դեմ կիբերհարձակման հետևում։
Ֆիշինգը կիբեռհանցագործության և առցանց խարդախության ամենատարածված ձևերից մեկն է: Այս դեպքում հարձակվողը փորձում է խաբեության միջոցով ստանալ անձնական, գաղտնի կամ ֆինանսական տվյալներ։
Հարկ է նշել, որ հարձակման մասին տեղեկատվությունը տարածել է նաև հետաքննող լրագրող Խրիստո Գրոզևը: Ֆիշինգային հարձակման թիրախներն էին ինքը՝ Գրոզևը, գերմանացի լրագրող և «Պանամական փաստաթղթերի» հեղինակներից մեկը՝ Բաստիան Օբերմայերը, ինչպես նաև «Լե Մոնդ»-ի երեք աշխատակիցներ և ֆրանսիացի խորհրդարանական Էրիկ Բատորելը: Գրոզևի խոսքով՝ իր դեպքում ֆիշինգային հաղորդագրությունը ստացվել է Signal-ում իր կոնտակտներից մեկից: Հաղորդագրությունը գերմանացի լրագրողից էր, որի հետ Գրոզևը մի քանի տարի որևէ կապ չէր ունեցել: Գրոզևի խոսքով՝ հարձակվողները իր կոնտակտներից ընտրել են մի անձի, որի հետ ինքը երկար ժամանակ որևէ կապ չէր ունեցել: Սա Գրոզևին հնարավորություն տվեց ենթադրել, որ իր ծանոթը Signal-ում նոր համար է օգտագործել։
Le Monde-ի հոդվածում նշվում է, որ հրատարակության երեք լրագրողներ հրավերներ են ստացել Signal-ում տեսակոնֆերանսի։ Հանդիպումը վերաբերում էր ուկրաինական հակամարտությանը և ռուս-ուկրաինական բանակցություններին։ Հաղորդագրությունները, ենթադրաբար, ուղարկել է նրանց ծանոթ եվրոպացի լրագրողը։ Ֆրանսիացի պատգամավոր Էրիկ Բատորելին Telegram խմբի անդամակցություն է առաջարկվել ընկերոջ կոտրված Signal հաշվից։
Եվրոպական անվտանգության աղբյուրները Le Monde-ին հայտնել են, որ հարձակումները կապված են UNC5792 անունով հաքերային խմբի գործունեության հետ։ Խումբը հայտնի է նաև Frontier Blizzard և Sentry Bear անուններով։