Կովաքս հարթակով մասնավոր բիզնեսը պատվաստանյութ չի կարողանա գնել, քանի որ դա պետական պայմանավորվածություն է,- այս մասին համակարգող խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն:
Նրա խոսքով, սահմանված է պատվաստանյութի գինը, որով պետությանը հնարավորություն է տրվում, այն գնել բավականին ցածր գնով:
«Սահմանված են նաև մասնաբաժինները բոլոր երկրների համար, թե որ ծավալի պատվաստանյութ կկարողանանք ձեռք բերել: Դա Վրաստանին առավելություն է տալիս պատվաստանյութը հնարավորինս շուտ Վրաստան բերելու հարցում, ինչը ապահովում է մեր քաղաքացիների անվտանգությունը», – հայտարարել է Տիկարաձեն:
Միևնույն ժամանակ, Էկատերինե Տիկարաձեն հայտարարել է, որ պետությունը պատրաստ ունի բոլոր իրավական բաղադրիչները, կորոնավիրուսի պատվաստանյութը Վրաստան ներմուծելու համար:
«Պատվաստանյութերի առաջին հոսքի կապակցությամբ մենք ամբողջովին կախված ենք մեր միջազգային գործընկերներից և նրանից, թե ինչ քանակությամբ պատվաստանյութ կարտադրվի: Հենց հասանելի լինի առաջին պատվաստանյութը, մենք պատրաստ ունենք բոլոր իրավական բաղադրիչներ, որպեսզի տեղի ունենա պատվաստանյութի Վրաստան ներկրելը»,- հայտարարել է Տիկարաձեն: