Հայկական և ադրբեջանական կողմերի ցանկության դեպքում, ցանկացած պահին կարող ենք ներգրավվել խաղարարար գործընթացում. Իրակլի Սեսիաշվիլի
Հայկական և ադրբեջանական կողմերի ցանկության դեպքում, ցանկացած պահին կարող ենք ներգրավվել խաղարարար գործընթացում. Իրակլի Սեսիաշվիլի

Շատ բարդ իրավիճակ է: Ոչ մի կողմի ցանկություն դեռևս չկա, որ դադարեցվի կրակը,- այսպես է գնահատել խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Իրակլի Սեսիաշվիլին, Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը:

Նրա խոսքով, Վրաստանի արտգործնախարարությունը 24 ժամյա կապի մեջ է Ադրբեջանի և Հայաստանի իր գործընկերների հետ:

«Իրավիճակը շատ բարդ է: Կողմերը չեն ցանկանում դադարեցնել կրակը: Ես մեկ անգամ ևս կոչ եմ անում միջազգային ակտորներին, էլ ավելի ակտիվանալ: Դուք գիտեք, որ Վրաստանը մի տեսակ չեզոք դիրքորոշում ունի, և մեր հարևանները դա շատ լավ հասկանում են, և իրենք են հոգ տանում մեր չեզոքության մասին: Մենք կարող ենք ցանկացած պահին, եթե լինի նրանց ցանկությունը, ներգրավվել խաղաղ գործընթացում: Մենք անընդհատ հետևում ենք գործընթացին: Արտաքին գործերի նախարարությունը 24 ժամյա ռեժիմով կապի մեջ է Ադրբեջանի և Հայաստանի իր գործընկերների հետ: Պարզ է, որ մենք վերլուծում ենք, թե ինչպես կարող են զարգանալ իրադարձությունները: Ինչպես նաև, գիտենք, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել իրենց գործընկեր երկրների հետ, և ես համոզված եմ, որ գործընթացին չեն ներգրավվի ավելի մեծ սուբյեկտներ, քանի որ բոլորը հասկանում են, որ դա կհանգեցնի միջազգային ճգնաժամի և կազդի ոչ միայն տարածաշրջանի, այլև աշխարհի վրա: Մենք կոչ ենք անում հարևան երկրներին դադարեցնել կրակը և ավելի շատ ժամանակ և ռեսուրսներ տրամադրել խաղաղ երկխոսությանը»,- ասել է Սեսիաշվիլին:

Ըստ նրա, եթե կողմերը ցանկանում են, որ Վրաստանը ներգրավվի խաղաղ բանակցություններում, պատրաստակամություն կա:

«Եթե կողմերը ցանկանում են, որ Վրաստանը ներգրավվի խաղաղ բանակցություններում, մենք լիովին պատրաստ ենք, և դա մեզ ձեռնտու է, սակայն, ցավոք, այսօր դրա նշաններ չկան: Մենք պատրաստ ենք օգնել երկու կողմերին մարդասիրական ուղղությամբ, տրամադրել այդ օգնությունը, եթե կա ցանկություն: Մենք դա կանենք միջազգային հարաբերությունների ձևաչափով և ոչ միայն անհատապես, քանի որ գործ ունենք հակամարտության հետ, որը կարող է սպառնալ բոլորին, և ոչ միայն տարածաշրջանին: Այս տեսանկյունից ոչ մի վտանգ չի սպառնում միջազգային նախագծերին, այդ թվում ՝ գազատարին», – ասել է Սեսիաշվիլին: