Մեզ մոտ լրագրողներ չեն կալանավորվում. Մերկելի պատասխանը Թուրքիայի ԱԳՆ-ի՝ Գերմանիա չմեկնելու կոչերին
Մեզ մոտ լրագրողներ չեն կալանավորվում. Մերկելի պատասխանը Թուրքիայի ԱԳՆ-ի՝ Գերմանիա չմեկնելու կոչերին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն արձագանքել է Թուրքիայի արտգործնախարարության տարածած հայտարարությանը, որով Թուրքիան կոչ էր արել իր քաղաքացիներին չմեկնել Գերմանիա, գրում է գերմանական Deutsche Welle-ի թուրքական ծառայությունը։

«Թուրքիայի յուրաքանչյուր քաղաքացի կարող է ազատ ճանապարհորդել դեպի Գերմանիա: Մեզ մոտ լրագրողներ չեն կալանավորվում, չեն ձերբակալվում: Մեր երկրում իշխում է օրենքի գերակայությունը, խոսքի ու մտքի ազատությունը, և մենք հպարտ ենք դրանով», – ասել է Մերկելը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել զերծ մնալ Գերմանիա այցելելուց՝ երկրում տիրող «հակաթուրքական տրամադրությունների» պատճառով:

Թուրքիայի ԱԳՆ-ն Գերմանիայում բնակվող կամ այնտեղ մեկնել պատրաստվող քաղաքացիներին կոչ էր արել «զգույշ լինել և զգուշորեն գործել այլատյացության և ռասիզմի դրսևորման հնարավոր միջադեպերի դեպքում»:

Նշենք, որ Թուրքիայում ներկայում կա Գերմանիայի քաղաքացի 12 քաղբանտարկյալ, որոնց թվում են նաև Ստամբուլի կղզիներում ձերբակալված իրավապաշտպանները, ինչպես նաև գերմանական DW հեռուտառադիոընկերության Թուրքիայի թղթակից Դենիզ Յուջելը, որի արտահանձնման հարցում Թուրքիան շարունակում է համառել: