Վրաստանի ԱԳ նախարար. Եվրոպացի գործընկերների կողմից ստացել ենք անչափ դրական գնահատականներ, այս համավարակը հնարավոր է հաղթահարել միայն միասնական ջանքերով
Վրաստանի վարչապետի վիդեո-կոնֆերանսը բարիդրացիական քաղաքականության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատարի հետ եղել է շատ բովանդակալից և հետաքրքիր: Այն պահին, երբ ողջ աշխարհը, Եվրամիությունը, Վրաստանը պայքարում են կորոնավիրուսի դեմ, շատ կարևոր է համակարգված գործունեությունը,- այս մասին հայտարարել է արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, Վրաստանի վարչապետի և եվրահանձնակատար Օլիվեր Վարհելի վիդեո-կոնֆերանսից հետո:
«Բնական է, մենք առանձնահատուկ երախտագիտություն ենք հայտնել Եվրամիությանը՝ ֆինանսական այն օգնության համար, որի մասին հայտնի դարձավ վերջերս և իհարկե, խոսքը վերաբերել է նաև հնարավորություններին, որ այդ օգնությունն ընդլայնվի և առավել արդյունավետ կերպով պայքարենք կորոնավիրուսի դեմ:
Անչափ դրական գնահատականներ ենք ստացել մեր եվրոպացի գործընկերների կողմից և շատ կարևոր է, որ այդ համագործակցությունը լինի համակարգված, քանի որ միայն միասնական ջանքերով է հնարավոր հաղթահարել այս համավարակը»,- հայտարարել է Զալկալիանին: