Թրամփի վարչակազմը կշարունակի Ռուսաստանի հանդեպ կոշտ քաղաքական դիրքորոշումը. Սպիտակ տուն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կշարունակի Ռուսաստանի հանդեպ կոշտ քաղաքական դիրքորոշումը, մինչեւ Մոսկվան չփոխի իր վարքագիծը: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը:
«Դուք կարող եք տեսնել այն գործողություններից, որոնք մենք կատարել ենք մինչ այս պահը, որ մենք Ռուսաստանի հանդեպ կոշտ ենք, քանի դեռ նա չի որոշել փոխել իր վարքագիծը», – ասել է Սանդերսը: Հարցին՝ արդյոք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Միացյալ Նահանգների բարեկամն է թե թշնամին, Սանդերսը նշել է. «Կարծում եմ, որ Ռուսաստանը պետք է ինքը որոշի … նա լավ կամ վատ դերակատար է լինելու»:
Նշենք, որ ԱՄՆ-ն ընդլայնել է ՌԴ դեմ պատժամիջոցները:
Ռուսաստանից 19 անհատների եւ 5 կազմակերպությունների նկատմամբ սահմանված նոր պատժամիջոցները ենթադրում են, որ ցուցակի անդամներին արգելվում է մուտք գործել Միացյալ Նահանգներ, Միացյալ Նահանգների տարածքում նրանց գույքը եւ ակտիվները կարող են առգրավվել: Միեւնույն ժամանակ, ամերիկյան գործարարների համար նրանց հետ գործարար հարաբերությունները արգելվում են: