Թբիլիսիի թիվ 52 դպրոցի 6-րդ դասարանի աշակերտի մոտ հաստատվել է կորոնավիրուս
Թբիլիսիի թիվ 52 դպրոցի 6-րդ դասարանի աշակերտի մոտ հաստատվել է կորոնավիրուս: Այս մասին Վրաստանի առաջին ալիքին ասել է դպրոցի տնօրեն Նանի Գիորգաձեն:
Ըստ Գիորգաձեի, աշակերտի վարակման աղբյուրը նրա եղբայրն է, ով աշխատում է կազմակերպություններից մեկում, և որի մոտ «կովիդ 19»-ը հաստատվել էր կիրակի օրը: Այս միջադեպի պատճառով աշակերտը երկուշաբթի օրվանից դպրոց չի այցելել, իսկ վարակը նրա մոտ ախտորոշվել է այսօր առավոտյան:
Միևնույն ժամանակ, ինչպես նշել է Գիորգաձեն, համավարակաբանները դպրոցի այլ աշակերտների, այդ թվում վարակվածի դասարանցիների վարակման վտանգը գնահատում են նվազագույն, այդ իսկ պատճառով դպրոցում ուսումնական գործընթացը չի դադարել:
Ըստ այդմ, դպրոցի տնօրենի տեղեկությամբ, համավարակաբանները ոչ դասարանի, ոչ դպրոցի այլ աշակերտների կամ անձնակազմի անդամներին ինքնամեկուսացման խորհուրդ չեն տվել: Նանի Գիորգաձեի խոսքով, դպրոցի ղեկավարությունը մշտական կապի մեջ է համավարակաբանների հետ և բոլոր քայլերը ձեռնարկում է նրանց հանձնարարականների համաձայն:
Դպրոցում իրականացվել են ախտահանման աշխատանքներ: