Թբիլիսիի մետրոն ժամանակավորապես դադարեցնում է աշխատանքը,- այս մասին հայտարարել է վարչապետ Գիորգի Գախարիան՝ համակարգող խորհրդի նիստի ավարտից հետո:
Նշված սահմանափակման մասին որոշումը կայացվել է նոր կորոնավիրուսի տարածումը կանխող միջոցառումների շրջանակներում:
«Արգելվում է ցանկացած տիպի հասարակական տրանսպորտով, այդ թվում՝ Թբիլիսիի «Մետրոպոլիտենով» տեղաշարժը: Արգելքը կգործի ինչպես Թբիլիսիի մունիցիպալիտետում, այնպես էլ՝ երկրի մնացած տարածքում: Թույլատրելի է երթևեկել միայն թեթև մարդատար ավտոմեքենայով, այդ թվում՝ տաքսիով, այն դեպքում, եթե լիովին հաշվի առնված լինեն առողջապահության նախարարության հանձնարարականները – ավտոմեքենայում, ներառյալ վարորդը, պետք է գտնվի ընդամենը երեք մարդ, նրանցից երկուսը պետք է նստած լինի հետևի նստատեղին, որոշակի հեռավորություն պահպանելով»,- նշել է Գախարիան:
Բացի այդ, վաղվանից Վրաստանում, ժամը 21:00-ից մինչև առավոտյան 06:00-ն կգործի պարետային ժամ, որը նկատի ունի տեղաշարժի սահմանափակում:
Վրաստանում արտակարգ դրություն էր հայտարարվել մարտի 21-ից: