Հնարավոր է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչի, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով նրա վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչներին: Այսօր նախատեսված է այդ հարցով նրա հայտարարությունը, հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչ Սարա Սանդերսը՝ չհստակեցնելով, թե Թրամփը հատկապես ինչ է պատրաստվում ասել:
Փակ ճեպազրույց անցկացրած Սպիտակ տան պաշտոնյաներից մեկն ասել է, որ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումն ընդունելիս Թրամփն առաջնորդվել է «պատմական իրականությամբ»: Նա շեշտել է, որ այնտեղ է գտնվում և Իսրայելի կառավարությունը, և երկրի Գերագույն դատարանը:
Politico-ն, նույնպես վկայակոչելով բարձրաստիճան պաշտոնյայի, նշել է, որ Թրամփը պնդում է Երուսաղեմի «անբաժանելիությունը»: Սպիտակ տանը չեն կարծում, որ Երուսաղեմի ճանաչումը կարող է բացասաբար ազդել պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման վրա: «Երուսաղեմի, որպես Իսրայելի մայրաքաղաք, ճանաչման հետաձգումը ոչ մի բան չէր տա արդեն 2 տասնամյակ ձգվող խաղաղության ձեռքբերմանը»,- նշել է պարբերականի զրուցակիցներից մեկը:
Իսրայելում ԱՄՆ դեսպանատան տեղափոխման հարցը դեռևս կհետաձգվի: Պարբերականի զրուցակիցը նշում է, որ ամերիկյան դիվանագիտական առաքելությունը հարմար շենք չի ընտրել: Դրանից զատ, անհրաժեշտ է լուծել անձնակազմի անվտանգության հարցերը: Անցյալ շաբաթ ԱՄՆ Պետքարտուղարությունը Թրամփի հայտարարությունից առաջ կապի դիվանագիտական խողովակներով կարգադրել է ամբողջ աշխարհում ԱՄՆ դեսպանատներում մեծացնել անվտանգության մակարդակը:
Հեղինակ -
Edgar Barsegyan