Կորոնավիրուսի դեպքերի պատճառով, Լենտեխիի մունիցիպալիտետում հայտարարվում է կարանտինային ռեժիմ:
Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Վրաստանի վարչապետի խորհրդական Իրակլի Չիքովանին:
«Ինչպես հայտնի է, այսօր Լենտեխիի շրջանում արձանագրվել է ներքին փոխանցման 4 նոր դեպք, որը տալիս է մտածելու հիմք, որ այս շրջանում պետք է իրականացնենք առավել ակտիվ կանխարգելիչ միջոցառումներ: Բժիշկների և համաճարակաբանների խորհրդով և ստացած տեղեկության հիման վրա, կայացրել ենք որոշում Լենտեխիի շրջանում համընդհանուր կարանտին հայտարարելու մասին: Կգործարկվի այն ռեժիմը, որը հիմա սահմանված է Մառնեուլիում և Բոլնիսիում: Շրջանի ներսում կթույլատրվի տեղաշարժվել միայն սննդամթերքի խանութ և դեղատուն գնալու նպատակով: Կգործեն տեղի լրատվամիջոցները, իսկ այլ լրատվամիջոցներ հնարավորություն կունենան օգտագործել Հանրային հեռարձակողի փոխանցած նյութերը: Լենտեխիի շրջանի մուտքի և ելքի անցակետերը կվերահսկեն ՆԳՆ-ը և պաշտպանության ուժերը: Կարանտին հայտարարելու գլխավոր նպատակը կորոնավիրուսի տարածումը կանխելն է:
Լենտեխիի մունիցիպալիտետի 4 բնակիչների մոտ այսօր արձանագրվել է նոր կորոնավիրուս:
Նրանք կորոնավիրուսով վարակված 56-ամյա տղամարդու ընտանիքի անդամները և բարեկամներն են:
Ընտանիքը բնակվում է Մելե գյուղում: Բոլոր չորս պացիենտներին այսօր կտեղափոխեն Թբիլիսի: