Կորոնավիրուսով վարակված երկու նոր պացիենտները բեռնատարի վարորդներ են
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբաիայի խոսքով, Վրաստանում գրանցված կորոնավիրուսի երկու նոր դեպքը ներմուծված է:
Նրա խոսքով, նոր հիվանդները բեռնատարի վարորդներն են:
«Վերջին օր ու գիշերվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման երկու նոր դեպք: Մենք ունեինք 951 դեպք, իսկ այսօր այդ թիվը դարձել է 953: Ապաքինվածների թիվը կրկին ավելացել է և կազմել 830:
Երկու նոր հիվանդները բեռնատարի վարորդներ են: Վերջին երկու շաբաթվա ընթացքում հիմնականում ունենք ներմուծված դեպքեր և վարակվածները հիմնականում բեռնատարի վարորդներ են, ներքին տարածում չունենք, ինչը շատ հուսադրող է»,- ասել է Էզուգբաիան:
Ըստ նրա, ապաքինվածների թիվը կրկին կազմում է վարակվածների 87 տոկոսը, իսկ կովիդ կենտրոններում այս պահին բուժվում է 108 հիվանդ:
Ինչ վերաբերում է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցին, ապա այնտեղ նոր հիվանդներ չկան և բուժվում է 24 վարակակիր: