Կորոնավարակակիր վեց նոր պացիենտից մեկը Ժվանիա կլինիկայի աշխատակից է
Կորոնավիրուս է հաստատվել Թբիլիսիի Ժվանիայի անվան մանկաբուժական կլինիկայի աշխատակցի մոտ:
Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնեց հաստատության կլինիկական տնօրեն Մանանա Ժվանիան, վարակված 68 ամյա տղամարդն աշխատում է կլինիկայի վարչական բաժանմունքում:
Մանանա Ժվանիայի փոխանցմամբ, տղամարդը հունիսի 9-ին իրեն վատ է զգացել, ինչի պատճառով թեստավորվել է, սակայն պատասխանը եղել է բացասական, որից հետո նրան տեղափոխել են Հանրապետական հիվանդանոց, որտեղ կրկնակի թեստավորում անցնելուց հետո նրա մոտ հաստատվել է «Կովիդ 19»:
Մանանա Ժվանիայի խոսքով, վարակի փաստի բացահայտումից հետո մեկուսացվել է կլինիկայի 12 աշխատակից, ովքեր կապ են ունեցել վարակված տղամարդու հետ: Նրանք բոլորը վարչական բաժանմունքի աշխատակիցներ են: Սակայն, միևնույն ժամանակ, կլինիկական տնօրենը նշում է, վարակված անձը կապ չի ունեցել բուժանձնակազմի և պացիենտների հետ: Ըստ այդմ՝ խորհրդակցելով Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի հետ, որոշվեց, որ բժիշկների մեկուսացումն անհրաժեշտ չէ:
Մանանա Ժվանիան հայտնում է նաև այն, որ վարակակիր տղամարդու առողջական վիճակը մտահոգիչ է: Առայժմ հայտնի չէ վարակի աղբյուրը:
Հեղինակ՝ Անժելլա Սարոյան