Գիորգի Գախարիան Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվելուց անմիջապես հետո ստեղծել է միջգերատեսչական համակարգող խումբ
Րոպեներ առաջ ավարտվել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի գլխավորությամբ ստեղծված արտակարգ միջգերատեսչական համակարգող խմբի հանդիպումը: Արտակարգ խումբը կառավարության ղեկավարն ստեղծել է Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվելուց անմիջապես հետո, որը գլխավորում է անձամբ:
Վարչապետը բոլոր գերատեսչությունների ներկայացուցիչներից լսել է մանրամասն տեղեկություն վարակի տարածումից խուսափելու տեսանկյունից ընթացիկ և նախատեսված միջոցառումների մասին:
Արտակարգ համակարգող խմբի հանդիպման ընթացքում որոշում է կայացվել ավիաչվերթի հետ միասին Իրանից սահմանափակել նաև ցամաքային ճանապարհով մուտքը: Նշված որոշման մասին արդեն տեղեկացվել է իրանական կողմը:
Վրաստանում գրանցվել է նոր կորոնավիրուսի առաջին դեպքը: Առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի հայտարարությամբ, վարակը հաստատվել է Վրաստանի քաղաքացի, 50-ամյա մի տղամարդու մոտ, ով երեկ Իրանից Ադրբեջանի տարածքով ժամանել էր Վրաստան: Նրա վիճակը բավարար է: