Գերմանիայում վեց սիրիացի է ձերբակալվել ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով
Գերմանիայում վեց սիրիացի է ձերբակալվել ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով

Գերմանիայի ոստիկանությունը երեքշաբթի վեց սիրիացի է ձերբակալել, ովքեր կասկածվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անունից զենքերի կամ պայթուցիկների կիրառմամբ հարձակում նախապատրաստելու համար:

Ձերբակալվածները եղել են 20-ից 28 տարեկան: Ինչպես հայտնել է Ֆրանկֆուրտում դատախազության ներկայացուցիչը, նրանք ձերբակալվել են Կասել, Հանովեր, Էսեն և Լայպցիգ քաղաքներում իրականացված հատուկ գործողությունների ընթացքում:

Նրա խոսքերով՝ կասկածյալները չեն հասցրել ավարտի հասցնել ահաբեկչության նախապատրաստումը:

Հատուկ գործողություններին, որոնց ընթացքում խուզարկություն է իրականացվել ութ բնակարանում, մասնակցել է 500 ոստիկան:

Կասկածյալներից չորսը Գերմանիա են ժամանել 2014 թվականի դեկտեմբերին, իսկ երկուսը՝ հաջորդ տարի: Բոլոր վեցը դիմել են ապաստան ստանալու համար:

Նշվում է, որ վեց սիրիացիները «կասկածվում են այսպես կոչված «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական խմբավորման անդամ լինելու համար: Նրանք նաև կասկածվում են Գերմանիայում զենքերի կամ պայթուցիկների կիրառմամբ հանրային վայրում հարձակում նախապատրաստելու համար»:

Die  Welt թերթի հաղորդմամբ՝ իրավապահները դուրս են եկել սիրիացիների հետքի վրա՝ տեղեկություն ստանալով այլ փախստականներից, որոնք հայտնել են, որ կասկածյալները կռվել են Սիրիայում ԻՊ-ի կողմից: