ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չեղյալ է համարել իր այցը Լեհաստան: Թրամփը այցի չեղարկման պատճառ է անվանել «Դորիան» փոթորիկի ուժգնացումը, որը վտանգ է ստեղծում Ֆլորիդայի համար: ԱՄՆ-ի նախագահի խոսքով, իր փոխարեն Վարշավա կմեկնի փոխնախագահ Մայք Փենսը:
Թրամփի հայտարարությամբ, նա կմնա Վաշինգտոնում, որպեսզի վերահսկի Դաշնային կառավարության բոլոր ռեսուրսների տրամադրումը սպասվող փոթորիկի դեմ պայքարի միջոցներին: ԱՄՆ-ի առաջնորդը նշել է, որ Լեհաստանի նախագահ Անդժեյ Դուդային զանգահարել է և տեղեկացրել այցի չեղարկման մասին:
«Ինչպես երևում է, այս փոթորիկը իրոք շատ, շատ հզոր կլինի: Մայքը կմեկնի»,- նշել է Թրամփը:
Ինչպես սպասվում է, «Դորիան» փոթորիկը Ֆլորիդայի արևելյան ափ կհասնի երկուշաբթի: Օդերևութաբանների կանխատեսմամբ, ուժգին անձրևի հետ միասին քամու արագությունը կհասնի մեկ ժամում 210 կիլոմետրի:
Սեպտեմբերի մեկին, Վարշավայում նախատեսված էին Երկրորդ աշխարհամարտի 80-ամյակին նվիրված միջոցառումներ: Լեհաստանի մայրաքաղաքում նախատեսվում էր նաև ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահների հանդիպումը: