Բրիտանիայում «կովիդ 19»-ի նոր տեսակի արձանագրման ֆոնին խստացվել են կարգավորումները
Բրիտանիայում «կովիդ 19»-ի նոր տեսակի արձանագրման ֆոնին խստացվել են կարգավորումները: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը:
«Վարակի նոր տեսակի մասին գոյություն ունեցող ապացույցների պատճառով հավանական ռիսկերը նշանակում են, որ մենք չենք կարողանա դիմավորել Սուրբ Ծննդյան տոները, ինչպես ծրագրել էինք»,- հայտարարել է Բորիս Ջոնսոնը:
Միջոցառումները խստացվելու են Լոնդոնում, ինչպես նաև Անգլիայի հարավ-արևելքում և արևելյան շրջաններում:
Անգլիայի այն շրջաններում, որտեղ գործի է դրվել սահմանափակումների չորրորդ մակարդակը, քաղաքացիները կարող են տնից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում, ինչպես նաև արգելվում է տեղաշարժը շրջանների միջև և մեկնել արտասահման:
Կորոնավիրուսի նոր տեսակը մինչև այժմ գրանցվել է այն տարածաշրջաններում, որտեղ հաստատվել է կարգավորումների չորրորդ մակարդակը, չնայած Ջոնսոնը ասում է, որ այլ շրջաններում բնակվող քաղաքացիները նույնպես պետք է զերծ մնան երկրի ներսում ճանապարհորդելուց: