Առաջիկա ամիսներին հնարավորություններ են բացվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար. Դոնալդ Թրամփ
Առաջիկա ամիսներին հնարավորություններ են բացվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար,- այս մասին նշված է Դոնալդ Թրամփի կողմից Հայաստանի վարչապետին ուղարկված շնորհավորական նամակում:
Նամակում, որն ուղարկվել է Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ, Թրամփն ասում է, որ խաղաղ և ժողովրդական շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում: Նրա խոսքով, ժողովրդի կամքն է արմատախիլ անել կոռուպցիան, ստեղծել անկախ դատական համակարգ, քաղաքական և տնտեսական մրցակցության վրա հիմնված ներկայացուցչական ու հաշվետու կառավարում: ԱՄՆ-ի նախագահը Հայաստանի նոր կառավարության հետ աշխատելու պատրաստակամություն է հայտնում և շնորհակալություն ասում ՆԱՏՕ-ի առաքելություններում մասնակցելու, ինչպես նաև սիրիացի փախստականներին ընդունելու առնչությամբ:
«Առաջիկա ամիսներին հնարավորություններ են բացվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար, որը կարող է նաև նոր հնարավորություններ բացել հայ-ամերիկյան գործակցության համար: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետություն՝ Միացյալ Նահանգները պատրաստ է աշխատել Ձեզ հետ հակամարտությանը տևական խաղաղ լուծում գտնելու շուրջ»,- ասվում է Դոնալդ Թրամփի նամակում: