Աֆղանստանում 28 վրացի զինծառայողի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, նրանք հատուկ չվերթով տեղափոխվել են Վրաստան
Վրաստանի պաշտպանության ուժերի ՆԱՏՕ-ի «Կայուն աջակցության առաքելությունում» Աֆղանստանում գտնվող անձնակազմից 28 զինծառայողի մոտ ախտորոշվել էր կորոնավիրուս: Նրանց Գերմանիայի ուժերի ռազմական ինքնաթիռով հատուկ չվերթով ժամկետից շուտ տեղափոխել են Վրաստան,- այս մասին ասվում է Վրաստանի պաշտպանության նախարարության տեղեկության մեջ:
Նրանց փոխանցմամբ, զինվորականներին ուղեկցում էին բժիշկները և այլ բժշկական անձնակազմ՝ բունդեսվերի այլ ստորաբաժանումներից:
Ինչպես մեկնաբանում են Վրաստանի պաշտպանության գերատեսչությունում, զինծառայողների վիճակը բավարար է:
«Ինչ վերաբերում է ախտանշաններին, հիվանդությունն ընթանում է առանց բարդությունների և բողոքների: Վարակման աղբյուրը կապված է տեղի աֆղանցի անձնակազմի հետ»,- հայտարարում են պաշտպանության նախարարությունում:
Գերատեսչության փոխանցմամբ, նախքան Վրաստան վերադառնալը, զինվորականները գտնվում էին հատուկ մեկուսացման տարածքներում և համապատասխանաբար, պաշտպանության նախարարության հայտարարությամբ, առաքելության վրաց այլ զինծառայողներին վիրուսով վարակվելու վտանգ չի սպառնում:
«Ռազմական զինծառայողները համապատասխան բուժօգնություն կստանան Գորիի զինվորական հոսպիտալում: Ինչ վերաբերում է մնացած զինվորականներին, նրանք Վրաստան վերադառնալուց հետո, կանխարգելման նպատակով, կանցնեն համապատասխան 14-օրյա կարանտին»,- հայտարարում են Վրաստանի պաշտպանության նախարարությունում: