Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ որոշումը քաոս կառաջացնի տարածաշրջանում. Չավուշօղլու
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Միացյալ Նահանգների ղեկավարության կողմից Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու հանգամանքը կարող է քաոս առաջացնել տարածաշրջանում:
Այս մասին ԱԳ նախարարը խոսել է Բրյուսելում, որտեղ մասնակցում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը:
«Դա մեծ սխալ կլինի: Տարածաշրջանին կայունություն և խաղաղություն բերելու փոխարեն այն քաոս կառաջացնի: Այս հարցում Թուրքիայի դիրքորոշումը հայտնի է»,- ասել է Չավուշօղլուն:
Նա ընդգծել է, որ ԱՄՆ տվյալ նախաձեռնությունն ուղղված է ոչ միայն մուսուլմանական աշխարհի, այլև ընդհանրապես ողջ աշխարհի դեմ: Նախարարը նշել է, որ այս մասին թուրքական կողմի տեսակետը հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ հանդիպման ժամանակ:
Նախօրեին խնդրի առնչությամբ հայտարարությամբ էր հանդես եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով ընդգծել էր, որ եթե ԱՄՆ-ն ճանաչի Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք, ապա դա կարող է պատճառ դառնալ թուրք-իսրայելական հարաբերությունների խզման համար: «Երուսաղեմը մուսուլմանների համար կարմիր գիծ է: Այս ամենը կարող է հանգեցնել Իսրայելի հետ մեր հարաբերությունների դադարեցմանը: Այստեղից ևս մեկ անգամ հորդորում ենք ԱՄՆ-ին զերծ մնալ նման քայլի գնալուց: Դուք չեք կարող նման բան անել: Նման քայլի պարագայում մենք 5-10 օրվա ընթացքում Ստամբուլում կհրավիրենք Իսլամական համագործակցություն կազմակերպության գագաթնաժողով, որի ժամանակ շարժման մեջ կդնենք ողջ իսլամական աշխարհը»,- հայտարարել էր Էրդողանը: