Վրաստանում համավարակային վիճակը հանդարտվում է, սակայն մենք չպետք է թուլանանք. Ամիրան Գամղրելիձե
Վրաստանում համավարակային վիճակն ունի հանդարտվելու միտում, սակայն մենք չպետք է թուլանանք,- այս մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն:
Ինչպես նշել է Ամիրան Գամղրելիձեն, երկիրը ներքին տարածման 8-րդ շաբաթում է և ամեն օր նվազում է նոր դեպքերի թիվը:
«Մենք լրջորեն ավելացրել ենք թեստավորված անձանց թիվը: Վերջին մեկ շաբաթում «PCR» թեստ է անցել 1500 մարդ: Հետազոտվել են ինչպես վարակակիրների հետ շփում ունեցած, այնպես էլ՝ ռիսկային խմբերում ընդգրկված մարդիկ: Բուժանձնակազմը, տարբեր մասնագիտության ներկայացուցիչները, ծերանոցների բնակիչները և նրանց մասին հոգացող անձնակազմը: Նախարարի նոր հրամանով սահմանվել են ռիսկ-խմբեր, որոնք պետք է առաջին հերթին թեստավորվեն, ուստի երկրում ավելի ու ավելի է ընդարձակվում «PCR» թեստավորման արեալը: Չնայած դրան, բացահայտված վարակակիրների թիվը դեռևս նվազում է և կարող ենք ասել, որ համավարակային վիճակն ունի խաղաղվելու միտում, սակայն մենք չպետք է թուլանանք: Մենք չպետք է մտածենք, որ հաղթահարել ենք կորոնավիրուսը»,- հայտարարել է Ամիրան Գամղրելիձեն:
Նրա խոսքով, մեծ հավանակությամբ, ամռանը պետք է լինի հանդարտ ժամանակաշրջան, սակայն դա ևս չի տալիս հանգստանալու հիմք:
Հարցին, պետք է շարունակվի թե ոչ արտակարգ դրությունը, Ամիրան Գամղրելիձեն նշել է, որ այս որոշումը կայացնում է երկրի գերագույն իշխանությունը:
«Ինչ վերաբերում է արտակարգ դրությանը, երկիրը շարժվում է այն ծրագրով, որը կառավարության կողմից ներկայացվել էր և բաղկացած էր 6 փուլից, սակայն համաճարակային վիճակը հիմք է տալիս, որպեսզի որոշ սահմանաակումներ չեղարկվեն առավել արագ: Ինչ վերաբերում է արտակարգ դրության չեղարկմանը, դա համակարգող խորհրդի, խորհրդարանի և նախագահի իրավասությունն է»,- հայտարարել է Գամղրելիձեն: