Տեղի է ունեցել հարձակում մեր արժեքների վրա, չենք հանդուրժի դրան. Ավստրիայի ՆԳ նախարար

Սա հարձակում է մեր արժեքների վրա, սա մեզ բաժանելու ոչ ադեկվատ փորձ է, մենք դա չենք հանդուրժի, սա հետևանքներ կունենա, մենք իսլամիստ ահաբեկիչների կողմից հարձակման փորձ ենք ունեցել,- այս մասին հայտարարել է Ավստրիայի ՆԳ նախարար Կառլ Նեհամերը:

«Գարդիանի» հաղորդմամբ, երկրի ներքին գործերի նախարարը շնորհակալություն է հայտնել ոստիկանությանը ծառայության համար: Նա ասում է, որ ամբողջ երկրում խստացվել են անվտանգության միջոցառումները:

Ավստրիայի ՆԳ նախարարը ճեպազրույցի ժամանակ հաստատել է, որ սպանված հարձակվողը լավ զինված էր, և որ իր մարմնին կցված էր պայթուցիկ սարք:

Վիեննայում հարձակումը տեղի է ունեցել նոյեմբերի 2-ին, տեղական ժամանակով 20:00-ին: Ոստիկանության տվյալներով, զինված անձը կրակ է բացել վեց տարբեր վայրերում, այդ թվում սինագոգային հարակից տարածքում: Զոհվել է երեք մարդ, 15-ը վիրավորվել է: Ավստրիայի կառավարությունը կատարվածը համարում է ահաբեկչական գործողություն: ՆԳՆ-ն տվյալներով,  հարձակվողներից մեկը սպանվել է, մեկը որոնվում է: Իրավապահները Վիեննայի բնակիչներին հորդորում են մնալ տանը: