Ալեքսանդրե Դարախվելիձե․ Ներդրվում է կոնկրետ մեխանիզմ, ըստ որի՝ եթե օտարերկրացին ամուսնանա Վրաստանի քաղաքացու հետ և պահանջի կեցության թույլտվություն, նա պետք է հարցազրույց անցնի հանձնաժողովի հետ
Վրաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդրե Դարախվելիձեի հայտարարությամբ՝ խորհրդարանին անօրինական միգրացիայի հետ կապված կարևոր փոփոխություններ են ներկայացվել։
Նրա խոսքով՝ վերանայվել է օտարերկրյա քաղաքացիներին ուսումնական կացության թույլտվությունների տրամադրման մասին օրենսդրությունը։
«Խորհրդարանին անօրինական միգրացիայի հետ կապված կարևոր փոփոխություններ ենք ներկայացրել, սա արդեն երկրորդ փուլն է։ Հիշում եք, որ անցյալ տարի կարևոր փոփոխություններ իրականացվեցին։ Այս փոփոխություններն արդեն իսկ դրսևորել են իրենց դրական ազդեցությունը, և հասարակությունն ամեն օր տեսնում է Վրաստանից արտաքսված անօրինական օտարերկրացիներին, ովքեր երկրում երկարաժամկետ մնալու համար տարբեր մեխանիզմներ էին օգտագործում։ Երկրորդ փաթեթն այն փոփոխությունների շարունակությունն է, որոնք մենք սկսել ենք անցյալ տարի։ Այս դեպքում օրենսդրությունը վերանայվել է այն մասով, որը վերաբերում է կացության թույլտվությունների տրամադրմանը։ Այսօրվա դրությամբ օտարերկրյա քաղաքացիներին տրվել է մինչև 35 հազար ուսումնական կացության թույլտվություն։ Բացահայտվել են դեպքեր, երբ կացության թույլտվությունն օգտագործվել է ոչ թե սովորելու, այլ երկրում երկար ժամկետով մնալու համար։ Փոփոխությունները ծառայում են հենց նրան, որ այն ուսանողները, ովքեր սովորում են և կացության թույլտվությունն իսկապես օգտագործում են այն նպատակներով, որոնց համար այն տրվել էր, ոչ մի խոչընդոտ չեն ունենան, բայց այն մարդկանց նկատմամբ, ովքեր ուսումնական կացության թույլտվությունն օգտագործում էին երկրում երկար ժամանակով մնալու համար, կլինի խիստ կարգավորում, և երկիրը կունենա հստակ մոտեցում։ Երկրորդ հարցը կեղծ ամուսնությունն է։ Այսօր գործող օրենսդրությամբ՝ Վրաստանի քաղաքացու հետ ամուսնությունը բավարար է, որպեսզի մարդն անժամկետ կացության թույլտվություն ստանա։ Այսօր երկրում կա մինչև 30 հազար օտարերկրացի, ովքեր մշտական կացության թույլտվություն են ստացել։ Այս ուղղությամբ վերահսկողության մեխանիզմները շատ թույլ էին»,- հայտարարել է Ալեքսանդրե Դարախվելիձեն։
Ինչպես նշել է Դարախվելիձեն, ներդրվում է նաև կոնկրետ մեխանիզմ, որը նախատեսում է կեղծ ամուսնությունների և այս ճանապարհով կացության թույլտվություն ստանալու կանխումը։ Դարախվելիձեի պարզաբանմամբ՝ եթե օտարերկրացին ամուսնանա Վրաստանի քաղաքացու հետ և պահանջի կացության թույլտվություն, նա ստիպված կլինի հարցազրույց անցնել հանձնաժողովի հետ։
«Բազմաթիվ երկրներում կան խարդախ սխեմաներ, որոնք նախատեսում են կեղծ ամուսնություն և այս ճանապարհով կացության թույլտվության ձեռքբերում։ Ներդրվում է կոնկրետ մեխանիզմ, ինչը ենթադրում է, որ եթե օտարերկրացին ամուսնանա Վրաստանի քաղաքացու հետ և պահանջի կացության թույլտվություն, նա ստիպված կլինի հարցազրույց անցնել հանձնաժողովի հետ։ Եթե հանձնաժողովը համարի, որ ամուսնության հավաստիության վերաբերյալ կան կասկածներ, փաստաթղթերը կուղարկվեն քննչական մարմին։ Ինչպես գիտեք, «Քրեական օրենսգրքում» նոր հոդված է ավելացել, որը նախատեսում է պատիժ կեղծ ամուսնության համար, եթե դրա նպատակն էր երկրում օրինական բնակության իրավունք ստանալը։ Մեխանիզմն առավելագույնս ապահովագրված կլինի, և նրանք, ում այս փաստաթուղթն իսկապես անհրաժեշտ է, միայն նրանք կստանան երկրում բնակվելու իրավունք, և հնարավորություն չի լինի, որ երկրում երկար ժամանակով մնան այն օտարերկրացիները, որոնց համար նման իրավունքի տրամադրումն օրենքով նախատեսված չէ»,- հայտարարել է Ալեքսանդրե Դարախվելիձեն։