Պատրիարքի հարության տոնի պատգամը
Պատրիարքի հարության տոնի պատգամը

Սուրբ հարության տոնի պատգամ

Սրբազնագույն և գերաշնորհ, Համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք, Մցխեթա-Մթիանեթիի և Բիճվինթայի և Ցխում-Աբխազիայի Միտրոպոլիտ Իլիա երկրորդի.

«Մահը հաղթահարվեց» պատգամը.

Հոգևոր այրեր, առաջնորդներ, իմ սիրելի հոգևոր զավակներ, Վրաստանի սուրբ ուղղափառ եկեղեցու անդամներ, հայրենակիցներ, որվքեր ապրում եք Վրաստանում և մեր երկրից դուրս.

Քրիստոս հարյավ ի մեռելոց.

Քրիստոսի սիրելի՛ հետևորդներ,

Դարեր առաջ Յուղաբեր կանայք Հիսուս Քրիստոսի թաղումից հետո կիրակի առավոտյան շտապեցին Նրա գերեզմանը, որպեսզի անուշահոտ յուղերով օծեն Փրկչի խաչյալ սուրբ մարմինը, բայց գերեզմանը դատարկ գտան: Փոխարենը այնտեղ եղող լուսազգեստ հրեշտակը դիմավորեց նրանց՝ ասելով.

«Ինչո՞ւ ողջին մեռելների մեջ եք փնտրում: Այստեղ չէ, այլ՝ հարյավ»:

Ահա այս սքանչելի ավետիսով էլ շնորհավորում եմ բոլորիս մեր Կենդանի Աստծո հարության հրաշափառ տոնի կապակցությամբ:

Երկու հազարամյակ առաջ Զորությունների Տերը խորտակեց մահվան իշխանությունն ու աստվածային փառքով հարություն առավ մեռյալներից: Հարության աստվածային լույսը ճառագեց Տիրոջ գերեզմանից ու վեր խոյանալով՝ լուսավորեց ողջ աշխարհը:

Այն հուսադրեց ու մխիթարեց քրիստոնյաներին հալածանքների ու նեղությունների ժամանակ, զորացրեց ու գոտեպնդեց նահատակության դառը բաժակն ըմպողներին, ամրացրեց Քրիստոսի եկեղեցին բոլոր ժամանակներում և այսօր էլ լուսավորում է հավատացյալներին եկեղեցիների տոնականորեն զարդարված խորաններից ու բարի լուրով բխում մեր շուրթերից՝ ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ, ՕՐՀՆՅԱԼ Է ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ:

Երկնավոր Արքայի մարդեղացման, ուսուցումների, հրաշքների ու Աստծո փրկչական ողջ ծրագրի գագաթնակետը, թագն ու պսակը եղավ Նրա փառապանծ հարությունը մեռյալներից: Մարդկության փրկության ծրագիրն ամբողջացավ Տիրոջ պանծալի հաղթանակով, և Իր հետևորդների առաջ հարթեց Երկնային Արքայության ճանապարհը: Այս փառահեղ իրադարձությամբ ծնունդ առավ և հստակորեն ուրվագծվեց յուրաքանչյուր քրիստոնյայի սեփական հարությունը, և ես մաղթում եմ ձեզ, սիրելի՛ հավատացյալներ, որպեսզի արդեն այսօր Քրիստոսի ազատարար լույսով ազատագրվեն ձեր հոգիները մեղքի յուրաքանչյուր դրսևորումից և սկսեն գործել երկնային երանության հույսով հարություն առնելու համար:

Թող ապականությունից զուրկ սրտերը, շիտակ ու քաղցրալուր խոսքերը, աստվածահաճո ու եղբայրասեր գործերը ձեր այցեքարտերը դառնան այսուհետ, սիրելի՛ քրիստոնյաներ: Աստծո սուրբ կամքը թող դառնա ձեր հարուցյալ սրտերի տենչանքը, Աստծո Խոսքը՝ կյանքի ուղեցույցը, սերը՝ շարժիչ ուժը: Տիրոջ հարության կենարար լույսը թող բոցավառվի ձեր հոգիներում, մաքրի ու փայլեցնի դրանք, որպեսզի աշխարհը ձեզ նայելով համոզվի, որ կենդանի է Քրիստոս, հարություն առավ մեռելներից և Հավիտենական Տերն ու Իշխանն է այսօր, միշտ և հավիտենապես:

Իմ սիրելիներ՝ վրացիներ, աբխազներ, օսեր, հույներ, ուկրաինացիներ, ռուսներ, հրեաներ, ադրբեջանցիներ, հայեր, ուդիններ, եզիդներ, այսօրներ, քրդեր, ինգուշներ, չերքեզներ, չեչեններ, լեկեր, բոլոր մարդիկ ովքեր ապրում են Վրաստանում և արտերկրում,

ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ

Թող աստված կամենա, որ Վրաստանը բարգավաճի

Սիրով ձեր համար աղոթող

Իլիա II

Համայն Վրաստանի

Կաթողիկոս Պտրիարք

Թբիլիսի