ՆԳ նախարարությանը կոչ ենք անում ապահովել հավաքի խաղաղ անցկացումը և կատարել օրենքով իրենց վրա դրված պարտավորությունները. «Ազգային շարժում»
ՆԳ նախարարությանը կոչ ենք անում ապահովել հավաքի խաղաղ անցկացումը և կատարել օրենքով իրենց վրա դրված պարտավորությունները. «Ազգային շարժում»

Կոչ ենք անում ՆԳ նախարարությանը և համապատասխան կառույցներին ապահովել հավաքի խաղաղ անցկացումը և կատարել օրենքով իրենց վրա դրված պարտավորությունները,- այս մասին ասված է «Ազգային շարժման» տարածած հաղորդագրության մեջ։

Կուսակցությունը պնդում է, որ Ներքին գործերի նախարարության այսօր տարածած հայտարարության մեջ սխալ են մեկնաբանված Վրաստանի օրենսդրության նորմերը, ինչը, ըստ «Ազգային շարժման», ուղղված է հայտարարված հանրահավաքը կանխելուն և խաղաղ ցուցարարների ձերբակալման մասին տեղեկություն տարածելուն։

Կուսակցության հայտարարության մեջ ասվում է, որ յուրաքանչյուր ոք ունի խաղաղ հավաքների և ցույցերի ազատություն։

«2021 թվականի նոյեմբերի 14-ին, «Ազգային շարժումը» հանդես եկավ հրապարակային հայտարարությամբ, ըստ որի՝ 2021 թվականի նոյեմբերի 15-ին երթ կանցկացվի՝ ի պաշտպանություն Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի։

Վրաստանի ՆԳ նախարարությունը նախապես հայտարարել է, որ երթի մասնակիցները խախտում են Վրաստանի օրենքն ու Սահմանադրությունը։ Հայտարարությունը սխալ է մեկնաբանում վրացական օրենսդրության նորմերը՝ ուղղված հայտարարված հանրահավաքը կանխելուն և հայտարարում է խաղաղ ցուցարարների ձերբակալման մասին։

Վրաստանի Սահմանադրության 21-րդ հոդվածի առաջին պարբերությունը պաշտպանում է հավաքների ազատությունը. «Յուրաքանչյուր ոք, բացառությամբ այն անձանց, ովքեր հանդիսանում են պաշտպանության ուժերի անդամներ կամ պետական ​​կամ հասարակական անվտանգության պաշտպանության համար պատասխանատու մարմնի աշխատակիցներ, իրավունք ունի հավաքներ անցկացնել հրապարակային, առանց նախնական թույլտվության»։

Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ հավաքների և մանիֆեստացիաների ազատության իրավունք: Ըստ այդմ, պետությունը պարտավոր է ոչ միայն պաշտպանել խաղաղ հավաքը, այլև ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ ապահովելու անձանց կողմից նշված իրավունքի արդյունավետ իրացումը։

«Ազգային շարժում»-ը հրապարակային հայտարարություն է տարածել՝ նախապես զգուշացնելով բոլոր պատկան մարմիններին, որ վերոնշյալ խաղաղ երթը տեղի է ունենալու սահմանափակ ժամանակով՝ ժամը 15:00-ից 17:00-ն։

Նախազգուշացման մեխանիզմի միակ նպատակն է թույլ տալ պետական ​​մարմիններին համապատասխան միջոցներ ձեռնարկել հավաքների և/կամ ցույցերի իրավունքի իրացումն ապահովելու համար:

Կոչ ենք անում ՆԳՆ-ին և համապատասխան կառույցներին ապահովել հավաքի խաղաղ անցկացումը և օրենքով իրենց վրա դրված պարտավորությունների կատարումը։ Մասնավորապես, «Հավաքների և ցույցերի մասին» Վրաստանի օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «հավաքի կամ ցույցի մասնակիցների թվի պատճառով երթևեկելի հատվածը փակելու անհրաժեշտության դեպքում համապատասխան քաղաքապետարանի գործադիր մարմինը պարտավոր է. ապահովել նրանց անվտանգությունն ու այլընտրանքային երթևեկությունը»,- նշված է հայտարարության մեջ։

«Ազգային շարժման» առաջնորդ Նիկա Մելիայի խոսքով՝ կուսակցության կազմակերպմամբ, այսօր քաղաքացիները կհավաքվեն «Ավլաբարի» մետրոյի մոտ և կփակեն ճանապարհը Քուռ գետի երկու ափերին։

Միևնույն ժամանակ, ՆԳ նախարարությունը այսօր հայտարարություն է տարածել հանրահավաքի առնչությամբ, որում նշվում է, որ «Հավաքների և ցույցերի մասին» Վրաստանի օրենքի 11-րդ հոդվածի համաձայն՝ հանրահավաքի մասնակիցներին արգելվում է դիտավորյալ խոչընդոտներ ստեղծել տրանսպորտային միջոցների տեղաշարժի համար։ Գերատեսչության տվյալներով՝ նույն օրենքի 11-րդ հոդվածի պրիմա հոդվածի համաձայն՝ անթույլատրելի է տրանսպորտային միջոցներով, տարբեր շինություններով և/կամ առարկաներով երթևեկելի մասի արգելափակումը։