Ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին հանդիպել է Վրաստանում Թուրքիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մուստաֆա Թուրքերի հետ։
Վրաստանի ֆինանսների նախարարության հաղորդմամբ, ծանոթացման հանդիպման ժամանակ ֆինանսների նախարարը շնորհավորել է դեսպանին դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ և մաղթել հաջողություններ։
Կողմերը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության հարցեր՝ ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային նախագծերում։
Ուշադրությունը կենտրոնացվել է երկու երկրների մաքսային վարչությունների միջև սերտ գործընկերության վրա, որը ներառում է սահմանային անցման ընթացակարգերի հեշտացման և տարանցիկ հնարավորությունների ամրապնդման, ինչպես նաև ապրանքների և ուղևորների անխոչընդոտ տեղաշարժի ապահովման և առևտրի խրախուսման հարցեր։
Թուրքիայի Հանրապետության դեսպանը հայտնել է իր պատրաստակամությունը՝ առավելագույնս խթանելու երկու երկրների միջև համագործակցությունը։
Հանդիպմանը մասնակցել է ֆինանսների փոխնախարար Էկատերինե Գունցաձեն։