Մինչ Սերգեյ Լավրովի հետ հանդիպումը, Յենս Ստոլտենբերգը վրդովմունք է արտահայտել Վրաստանում և ՈՒկրաինայում Ռուսաստանի ռազմական միջամտության պատճառով
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Associated Press-ի հետ հարցազրույցի ժամանակ վրդովմունք է արտահայտել Վրաստանում և ՈՒկրաինայում ռազմական միջամտության կապակցությամբ:
Բացի այդ, Ստոլտենբերգը վրդովմունք է արտահայտել Միջերկրական ծովի արևելյան մասում ծովային ուժերի հզորացման առթիվ:
Դրա հետ մեկտեղ դաշինքի գլխավոր քարտուղարը նշել է, որ Ռուսաստանի հետ ցանկանում է ունենալ ավելի կոնստրուկտիվ հարաբերություններ:
«Երբ ունենք լուրջ անհամաձայնություններ, երբ տեսնում ենք, որ լարվածությունը գնալով մեծանում է, իսկ մեր սահմանների մոտ ավելանում են զինվորները, բանակցություններ վարելը դառնում է էլ ավելի հրատապ»,-ասել է Ստոլտենբերգը Նյու Յորքում, ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի շրջանակներում, մինչ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպումը:
Ստոլտենբերգը գտնում է, որ ՆԱՏՕ-ի և Ռոսաստանի միջև հաղորդակցությունների բարելավումը աջակցելու է լարվածության լիցքաթափմանը:
ՈՒկրաինայի Եվրաատլանտյան կառույցին ինտեգրվելու մասին հարցին ի պատասխան, դաշինքի գլխավոր քարտուղարը ասել է, որ ՆԱՏՕ-ի կազմ ընդունելու համար Կիևին պետք չէ ստանալ Ռուսաստանի թույլտվությունը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքերով, նա փորձում է կանխել «Սառը պատերազմը»: Ստոլտենբերգի խոսքերով, նա արդեն զրուցել է այդ հարցերի շուրջ Սերգեյ Լավրովի հետ և հայտնել իր վրդովմունքը:
Հեղինակ -
Edgar Barsegyan