Մեթյու Միլլեր. Պետդեպարտամենտը հետագա քայլերն է ձեռնարկում Վրաստանի իրավապահ մարմինների, անվտանգության համակարգի և մունիցիպալ պաշտոնյաների համար վիզային սահմանափակումներ կիրառելու վերաբերյալ
Պետդեպարտամենտը հետագա քայլեր է ձեռնարկում Վրաստանի իրավապահների, անվտանգության համակարգի ներկայացուցիչների և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների նկատմամբ վիզային սահմանափակումներ մտցնելու համար,- ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Մեթյու Միլլերի հայտարարության մեջ, որը հրապարակվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում։
Ըստ Մեթյու Միլլերի, պատժամիջոցներ կսահմանվեն իրավապահների դեմ, ովքեր մասնակցել են ցուցարարների նկատմամբ բռնություններին և մունիցիպալ պաշտոնյաների դեմ, ովքեր «չարաշահել են իրենց լիազորությունները՝ սահմանափակելու հիմնարար ազատությունները, ներառյալ՝ առանց հարկադրանքի կամ ահաբեկման քվեարկելու իրավունքը»։
Միլլերը նաև նշում է, որ Վրաստանի ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրին և Հատուկ առաջադրանքների վարչության պետի տեղակալ Միրզա Կեզևաձեին պատժամիջոցների են ենթարկվել «Մագնիտսկու գլոբալ պատժամիջոցների ծրագրի» շրջանակներում, քանի որ «Ներքին գործերի նախարարությունը պատասխանատու է լրատվամիջոցների, ընդդիմության ու ցուցարարների նկատմամբ դաժան ճնշումների համար, այդ թվում՝ 2024 թվականի ցույցերի ժամանակ»։
«Այսօրվա գործողությունը հիմնված է անցած շաբաթ հայտարարված վիզային գործողությունների վրա, ընդլայնում է ԱՄՆ պատժամիջոցները, որոնք կիրառվել են սեպտեմբերին վրացի պաշտոնյաների նկատմամբ և լրացնում են Մեծ Բրիտանիայի այսօրվա գործողությունները և մի քանի այլ եվրոպական երկրների կողմից վերջին օրերին ձեռնարկված գործողությունները: Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է վրացական իշխանությունների դաժան և չարդարացված բռնությունը Վրաստանի քաղաքացիների, այդ թվում՝ խաղաղ ցուցարարների, լրատվամիջոցների ներկայացուցիչների, մարդու իրավունքների պաշտպանների և ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ։ Մենք կանգնած ենք Վրաստանի ժողովրդի կողքին և հավատարիմ ենք մնում պատասխանատվության ենթարկելու նրանց, ովքեր մեղսակից են մարդու իրավունքների խախտումներին և խաթարում են նրանց ժողովրդավարական ապագան»,- ասված է Մեթյու Միլերի հայտարարության մեջ։