Մարտա Կոս․ Թուրքիան ավելի է հեռանում Եվրամիությանն անդամակցելու նպատակից

18:29, 09.10.2026
Ընդլայնման հարցերով եվրոհանձնակատար Մարտա Կոսի հայտարարությամբ՝ Եվրոպայում ստեղծված նոր իրողության հաշվառմամբ, կազմակերպությունը շահագրգռված է Թուրքիայի հետ համագործակցությամբ և երկուստեք շահավետ հարաբերությունների զարգացմամբ, սակայն ժողովրդավարական չափանիշների հետ կապված խնդիրները շարունակում են լուրջ անհանգստություն առաջացնել։
«ԶԼՄ-ների ազատության, LGBTQI+ անձանց իրավունքների և տեղական ժողովրդավարության հետ կապված վերջին իրադարձությունները Թուրքիային ավելի են հեռացնում Եվրամիությանն անդամակցելու նպատակից», – հայտարարել է Կոսը։
Թուրքիայի իշխանությունները եվրոհանձնակատարի հայտարարությունների վերաբերյալ դեռևս մեկնաբանություն չեն արել։
Անցյալ շաբաթ Թուրքիայի դատարանը որոշում է կայացրել արգելափակել T24 անկախ լրատվամիջոցի սոցիալական ցանցերի հաշիվները։
Իշխանությունների հայտարարությամբ՝ պարբերականը անցյալ տարվա ընթացքում հրապարակել է 118 նյութ, որոնք «ԼԳԲՏ քարոզչություն» են պարունակել։ Թուրքիայի իշխանությունները հայտարարում են, որ իրենց նպատակը երեխաների և ընտանեկան արժեքների պաշտպանությունն է։

Նմանատիպ