Մարկո Ռուբիո. Եթե Միջազգային քրեական դատարանը չդադարեցնի սպառնալիքները, ԱՄՆ-ն այն կլուծարի
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարությամբ՝ Դոնալդ Թրամփը երբեք չի թույլ տա, որ դատարանն ամերիկացիների նկատմամբ իրավական հետապնդում սկսի։
«Նախագահ Թրամփը երբեք չի թույլ տա, որ Միջազգային քրեական դատարանն ամերիկացիների նկատմամբ իրավական հետապնդում սկսի։ Հենց այդ պատճառով են Միացյալ Նահանգներն այսօր պատժամիջոցներ սահմանում Միջազգային քրեական դատարանի դեմ։ Մենք կարգելենք այս կամայական դատարանի հետ կապված գործարքները, կսահմանափակենք նրա ռեսուրսները և նշանակալիորեն կթուլացնենք մեր դեմ գործելու նրա հնարավորությունը, քանի որ մեր ուղերձը հստակ է․ Միացյալ Նահանգները և ամերիկացի ժողովուրդը չեն ենթարկվում այս կեղծ միջազգային դատարանի իրավազորությանը։
Այս հարցում երկու կուսակցություններն էլ համամիտ են, սակայն այս սպառնալիքը մեկընդմիշտ վերացնելու համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու քաղաքական կամք ունի միայն նախագահ Թրամփը։ Կամ Միջազգային քրեական դատարանը կդադարեցնի սպառնալիքները, կամ մենք կկասեցնենք նրա գործունեությունը։ Ակնկալում ենք, որ մեր դաշնակիցները, որոնց մեծ մասը դատարանի անդամ է և պաշտպանության հարցում կախված է ամերիկացի զինվորականներից, կսահմանափակեն այս կամայական դատարանի գործունեությունը։
Եթե նրանք դա չանեն, Միացյալ Նահանգները կշարունակի Միջազգային քրեական դատարանի լուծարման արշավը՝ փուլ առ փուլ, մաս-մաս, մինչև ամերիկացիների համար սպառնալիքը վերջնականապես չվերանա», — հայտարարել է Ռուբիոն։