Ազգային բանկի խորհուրդը Նանա Ղեյնիշվիլիին հեռացրել է խորհրդի որոշումների մշակման և ընդունման գործընթացից

21:05, 09.10.2026
Վրաստանի ազգային բանկի խորհուրդը Նանա Ղեյնիշվիլիին հեռացրել է խորհրդի որոշումների մշակման և ընդունման գործընթացից։ Այս մասին նշված է Ազգային բանկի հայտարարության մեջ։
Ազգային բանկի տեղեկացմամբ՝ որոշումն ընդունելիս խորհուրդն առաջնորդվել է «Վրաստանի ազգային բանկի մասին» օրգանական օրենքի և Վրաստանի ընդհանուր վարչական օրենսգրքի համապատասխան հոդվածներով։
«Վրաստանի ազգային բանկի խորհուրդն այսօր քննարկել է խորհրդի անդամ Նանա Ղեյնիշվիլիի՝ խորհրդի գործունեությանը մասնակցության բացարկի հարցը։ Մինչև Վրաստանի գլխավոր դատախազության կողմից Նանա Ղեյնիշվիլիի վերաբերյալ հետաքննության ավարտը և օբյեկտիվ ճշմարտության հաստատումը, ելնելով Ազգային բանկի խորհրդի հեղինակության բարձր չափանիշներից, խորհուրդը որոշել է, որ Նանա Ղեյնիշվիլին չպետք է մասնակցի խորհրդի կողմից որոշումների մշակման և ընդունման գործընթացին։ Նշված որոշումն ընդունվել է միաձայն։ Որոշումն ընդունելիս խորհուրդն առաջնորդվել է «Վրաստանի ազգային բանկի մասին» օրգանական օրենքի և Վրաստանի ընդհանուր վարչական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, որոնցով նախատեսված է կոլեգիալ վարչական մարմնում շահագրգիռ անձի բացարկի հարցը։ Մասնավորապես, վարչական վարույթին չի կարող մասնակցել այն պաշտոնատար անձը, ով ունի անձնական շահագրգռվածություն, կամ առկա է այլ հանգամանք, որը ազդեցություն կունենա նրա որոշման վրա», — նշված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ դատախազությունն այսօր տեղեկատվություն է տարածել, որ Ազգային բանկի նամակի հիման վրա պաշտոնատար անձի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցության փաստով Նանա Ղեյնիշվիլիի նկատմամբ հետաքննություն է սկսվել։
Նանա Ղեյնիշվիլիին Ազգային բանկի խորհրդի անդամ է հաստատել խորհրդարանը 2023 թվականի սեպտեմբերին՝ Վրաստանի այն ժամանակվա նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի ներկայացման հիման վրա։

Նմանատիպ