Ութ երկրների արտաքին գործերի նախարարները համատեղ հայտարարություն են տարածում – «Ցավում ենք և կատեգորիկ համաձայն չենք Հաագայի դատարանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին ԱՄՆ-ի հայտարարության հետ»
Ութ երկրների արտաքին գործերի նախարարները համատեղ հայտարարություն են տարածում ԱՄՆ-ի կողմից Միջազգային քրեական դատարանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ։
Կանադայի, Դանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Նիդեռլանդների և Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարները հաստատում են իրենց աջակցությունը Միջազգային քրեական դատարանին (ICC):
Համատեղ հայտարարության մեջ նախարարներն ընդգծում են, որ աջակցում են դատարանի անկախությանը, անաչառությանը և բարեխղճությանը:
«Որպես Միջազգային քրեական դատարանի հավատարիմ աջակիցներ՝ ցավում ենք և կատեգորիկ համաձայն չենք դատարանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին ԱՄՆ-ի հայտարարության հետ», — նշված է հայտարարության մեջ։
Նախարարները դրական են գնահատում դատարանի կողմից ձեռնարկված քայլերը, որոնք նպատակաուղղված են հնարավոր պատասխան պատժամիջոցներին նախապատրաստվելուն և Հռոմի ստատուտով սահմանված մանդատի իրականացումը շարունակելուն։ Նրանք նաև հաստատում են իրենց ամուր աջակցությունը դատարանի՝ անխափան գործունեությունը շարունակելու կարողությանը։
Հայտարարության մեջ նշված է, որ պատժամիջոցների կիրառումը զգալի ազդեցություն կունենա դատարանի գործունեության, նրա աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամների վրա։
«Դատարանի աշխատակիցներն ամեն օր աշխատում են, որպեսզի ծանրագույն միջազգային հանցագործությունների մեջ մեղադրվողները կանգնեն արդարադատության առջև, իսկ տուժողները ստանան աջակցություն», — հայտարարում են նախարարները։
Ութ երկրների արտաքին գործերի նախարարները ևս մեկ անգամ հաստատում են միասնությունը դատարանին աջակցելու հարցում և հայտարարում, որ պատրաստ են կառուցողական և ներառական երկխոսություն վարել այն երկրների հետ, որոնք դատարանի անդամ չեն։
Նախարարների հայտարարությամբ՝ իրենք կշարունակեն համատեղ աշխատանքը դատարանի կարևոր գործունեությանն աջակցելու, կանոնների վրա հիմնված միջազգային համակարգը պաշտպանելու և պատասխանատվության ենթարկելու մեխանիզմներն ամրապնդելու ուղղությամբ։
Ի գիտություն՝ Միջազգային քրեական դատարանի նախկին դատավոր Նավի Փիլայիս Նոբելյան մրցանակ շնորհելուց հետո Դոնալդ Թրամփի վարչակազմը պատժամիջոցներ սահմանեց Հաագայի դատարանի նկատմամբ։
Ինչպես հայտարարել են Միջազգային քրեական դատարանում, ԱՄՆ պատժամիջոցները հարձակում են միջազգային իրավունքի վրա։