Եվրոպական միության կողմից Հայաստանի համար սահմանված ժամանակավոր առևտրային արտոնությունները հոկտեմբերի 10-ից ուժի մեջ են մտնում

20:16, 09.10.2026
Եվրոպական միությունը Հայաստանի համար սահմանում է ժամանակավոր առևտրային արտոնություններ, որոնց նպատակն է աջակցել տեղական արտադրողներին և արտահանողներին այն բանից հետո, երբ Մոսկվան առևտրային սահմանափակումներ սահմանեց Երևանի նկատմամբ։
Արտոնությունները կգործեն հոկտեմբերի 10-ից և ուժի մեջ կլինեն երկու տարի։
Ինչպես նշված է Եվրոպական հանձնաժողովի տարածած տեղեկատվության մեջ, սահմանված արտոնությունների օգնությամբ Եվրոպական միության շուկայում առևտրի պայմանները ժամանակավորապես կպարզեցվեն Հայաստանի արտահանման գրեթե 80%-ի համար։
Մասնավորապես, դա կվերաբերի մրգերի, բանջարեղենի և ծաղիկների գրեթե ողջ արտահանմանը, որոնց վրա տարածվել էին Ռուսաստանի սահմանափակումները։ Ինչպես նաև ըմպելիքների և ալկոհոլային արտադրանքի արտահանման ավելի քան 91%-ին։
Եվրոպական հանձնաժողովի տեղեկատվության համաձայն՝ արտոնությունները կօգնեն հայ արտադրողներին և արտահանողներին մեղմել բարդ իրավիճակը։ Իսկ Եվրոպական միության շուկա մուտքի պարզեցմամբ Հայաստանի տնտեսությունն ավելի կայուն կդառնա։
Միևնույն ժամանակ, արտոնություններն ուղեկցվում են որոշակի պայմաններով և պաշտպանական մեխանիզմներով։ Եթե Հայաստանից ներմուծումը վնաս հասցնի եվրոպացի արտադրողներին, Եվրոպական միության շուկան պաշտպանված կլինի։
Եվրոպական միության խորհուրդը հայկական ապրանքների համար ժամանակավոր առևտրային արտոնությունները պաշտոնապես հաստատել է սեպտեմբերի վերջին։

Նմանատիպ