Ավստրիայում լրտեսության կասկածանքով չորս ուկրաինացի է ձերբակալվել, նրանց թվում են «Ուկրաինսկայա պրավդա» պարբերականի աշխատակիցները
Ավստրիայում լրտեսության կասկածանքով չորս ուկրաինացի է ձերբակալվել, նրանց թվում են «Ուկրաինսկայա պրավդա» պարբերականի աշխատակիցները։
Ավստրիայի ներքին գործերի նախարար Գերհարդ Կարները հայտարարել է, որ լրտեսության կասկածանքով ձերբակալվել է չորս ուկրաինացի, որոնցից երեքը մինչ օրս մնում են կալանքի տակ։ Ընթացող հետաքննության շահերից ելնելով՝ նախարարը ձեռնպահ է մնացել գործի լրացուցիչ մանրամասների մասին խոսելուց։
«Ուկրաինսկայա պրավդա» պարբերականի տեղեկացմամբ՝ ձերբակալվածների թվում եղել են իրենց երկու աշխատակիցները։
«Ուկրաինսկայա պրավդայի» գլխավոր խմբագիր Սևգիլ Մուսայևան հայտարարել է, որ իրենց լրագրող Միխայիլո Տկաչին 12 ժամ պահել են ձերբակալված, ինչից հետո նրան ազատ են արձակել։
«Սակայն նրան չեն վերադարձրել կապի միջոցները, ինչի պատճառով խմբագրությունն այս պահին չի կարողանում ուղղակիորեն կապվել նրա հետ», — նշել է Մուսայևան։
Նրա իսկ տեղեկացմամբ՝ ձերբակալման ընթացքում վնասվածքներ է ստացել օպերատոր Յարոսլավ Բոնդարենկոն, ով այժմ էլ ձերբակալված է։