Լավրովն Արևմուտքի երկրներից դիվանագետների արտաքսումն անպատկառություն է անվանել
Ռուսաստանն անպայման կպատասխանի Արևմուտքի երկրների «անպատկառությանը», որոնք արտաքսել են ռուս դիվանագետներին Ռուսաստանի գլխավոր հետախուզության վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի թունավորման գործով, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Կպատասխանենք, մի կասկածեք, որովհետև այդպիսի անպատկառությունը տանել, իհարկե, ոչ մեկը չի ցանկանում, և մենք չենք կարող դա անել»,– լրագրողներին ասել է Լավրովը։
Նշենք, որ ԱՄՆ–ն ՝ ի նշան Մեծ Բրիտանիայի հետ համերաշխության, տասնյակ «ռուսական հետախույզների» արտաքսելու և Սիեթլում ՌԴ գլխավոր հյուպատոսության փակման մասին որոշում էր կայացրել։
Նրան են միացել նաև 16 եվրոպական երկիր, ինչպես նաև Կանադան, Նորվեգիան, Ուկրաինան։
Հիշեցնենք, որ մարտի 4-ին ԳՀՎ 66-ամյա նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալը և նրա 33-ամյա դուստր Յուլյան ենթարկվել են անհայտ նյարդային թույնի ազդեցության: Նրանց անգիտակից վիճակում գտել էին Սոլսբերիի The Maltings առևտրի կենտրոնի նստարանին:
Սկրիպալը ապաստան էր ստացել Բրիտանիայում Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև հետախույզների փոխանակությունից հետո, երբ ՌԴ-ին էին արտահանձնել տասը մարդու։
Բրիտանական կողմը պնդում է, որ թունավորմանը առնչություն ունի Ռուսաստանը։ Այս կապակցությամբ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է ՌԴ-ի դեմ մի շարք միջոցառումների մասին՝ այդ թվում 23 ռուս դիվանագետների արտաքսման ու բարձր մակարդակի վրա բոլոր երկկողմանի շփումները սառեցնելու մասին։ Ռուսաստանը կտրականապես հերքում է իր մասնակցությունը թունավորմանը, ՌԴ ԱԳՆ-ն համարժեք քայլով է պատասխանել։
Հեղինակ -
Edgar Barsegyan