Կալաձեն աշխատանքից հեռացրել է «Վարկեթիլի» մետրոկայանի մրցույթին ներգրավված քաղաքապետարանի աշխատակիցներին
Կալաձեն աշխատանքից հեռացրել է «Վարկեթիլի» մետրոկայանի մրցույթին ներգրավված քաղաքապետարանի աշխատակիցներին

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն տրանսպորտային ընկերության ղեկավար Մամուկա Կոբախիձեն հանձնարարել է, աշխատանքից ազատել այն աշխատակիցներին, ովքեր ներգրավված էին «Վարկեթիլի» մետրոկայանի մրցույթի գործընթացներին:

««Վարկեթիլի» մետրոկայանում տեղի է ունեցել դժբախտ պատահար: Ցավոք, տուժել են մեր քաղաքացիները: Այս պահի դրությամբ, ուսումնասիրել ենք գոյություն ունեցող հանգամանքները և պարզ է, որ այս խախտումները տեղի են ունեցել աշխատանքների կատարման ժամանակ, նախագծային աշխատանքներից սկսած, ավարտված՝ շինարարական աշխատանքների գործընթացով:

Մասնավորապես, նախագծային աշխատաանքների ընդունում-հանձնումն իրականացվել է առանց տեխնիկական փորձաքննության, երբ պահանջված էր տեխնիկական փորձաքննություն: Մենք գիտենք, որ այս ուղղությամբ սկսված է հետաքննություն, սպասենք հետաքննության արդյունքներին»,- հայտարարել է Կալաձեն՝ այսօրվա կառավարության նիստին:

«Վարկեթիլի» մետրոկայանում փլվել էր կախովի առաստաղը, որի արդյունքում տուժել էր 14 մարդ:

Մետրոկայանի վերանորոգումն ավարտվել էր 2017 թվականի սեպտեմբերին: