Իրակլի Կոբախիձեն ցավակցական նամակ է հղել Իլհամ Ալիևին՝ «Ադրբեջանի ավիաուղիների» մարդատար ինքնաթիռի կործանման կապակցությամբ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ցավակցական նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ ինքնաթիռի կործանման կապակցությամբ։
Ինչպես նշում է վարչապետն իր ցավակցական նամակում, Վրաստանի կառավարությունը և վրաց ժողովուրդը կանգնած են Ադրբեջանի եղբայրական ժողովրդի կողքին։
«Վրաստանի կառավարության և վրաց ժողովրդի անունից ցավակցում ենք Ձեզ և Ադրբեջանի ժողովրդին։ Վշտի այս պահին մենք կանգնած ենք Ադրբեջանի եղբայրական ժողովրդի կողքին և ցավակցում մահացածների ընտանիքի անդամներին։ Տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում։ Ձերդ Գերազանցություն, թույլ տվեք հաստատել, որ մենք կիսում ենք ձեր և բարեկամ ադրբեջանցի ժողովրդի վիշտը և հայտնում մեր կարեկցանքն այս դժվարին պահերին»,- ասված է նամակում։
Ղազախստանի Ակտաու օդանավակայանի մոտ «Ադրբեջանի ավիաուղիների» մարդատար ինքնաթիռ է կործանվել: Վերջին տվյալներով՝ ավիավթարից ողջ են մնացել ուղեւորատար ինքնաթիռի 67 ուղեւորներից 32-ը։ Տուժածներից մի քանիսի վիճակը ծանր է։ Նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։