Գիվի Միքանաձեն մասնակցել է Վրաստանի տնտեսագետների ազգային գիտական կոնֆերանսին

15:38, 12.09.2026

Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանում տեղի է ունեցել Վրաստանի տնտեսագետների 8-րդ ազգային գիտական կոնֆերանսը, որին մասնակցել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեն:  

Նախարարն իր ելույթում ուշադրություն է հրավիրել աշխարհում ընթացող տնտեսական գործընթացներին, Վրաստանի առջև ծառացած մարտահրավերներին և այն հնարավորություններին, որոնք կնպաստեն երկրի տնտեսական զարգացմանը:  

Ինչպես նշել է Գիվի Միքանաձեն, Վրաստանի աշխարհագրական դիրքը երկրին տալիս է կարևոր ռազմավարական առավելություն և հնարավորություն ընձեռում զարգացման համար հսկայական պոտենցիալ ստեղծելու:  

«Միջին միջանցքի զարգացումը Վրաստանի համար մի շարք նոր հնարավորություններ կստեղծի: Իսկ այս հնարավորություններն ամբողջությամբ օգտագործելու համար, տրանսպորտային և այլ ենթակառուցվածքների զարգացման հետ մեկտեղ, առանձնահատուկ նշանակություն է տրվում գիտելիքին, տեխնոլոգիական առաջընթացին, նորարարություններին և մարդկային կապիտալի հզորացմանը: Այս ուղղությամբ ցանկանում եմ ընդգծել տարածաշրջանային համալսարանների կարևորությունը, քանի որ նրանք ահռելի ավանդ ունեն տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման գործում:  

Մեր նպատակն է առավելագույնս աջակցել տարածաշրջանային համալսարաններին ժամանակակից գիտելիքի տարածման, հետազոտական գործունեության հզորացման և միջազգային կապերի խորացման գործում: Հենց սրան է ծառայում բարձրագույն կրթության աստիճանում ընթացող ազգային բարեփոխումը», – հայտարարել է Գիվի Միքանաձեն:  

Կոնֆերանսը նվիրված էր Վրաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 85-ամյակին: Միջոցառմանը մասնակցում էին նաև Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի տեղակալ Զվիադ Գաբիսոնիան, տեղական իշխանության ներկայացուցիչներ, Վրաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ, բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական անձնակազմը, գիտահետազոտական ինստիտուտների գիտաշխատողներ, երիտասարդ հետազոտողներ և ոլորտի առաջատար փորձագետներ:  

Տեղեկատվությունը տարածում է Կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունը:

Նմանատիպ