Իրակլի Կոբախիձե. Այսօրվա Վրաստանը 2013 թվականի Ուկրաինան չէ, այն ամուր ինստիտուտներով, հզոր ուժային կառույցներով պետություն է, և այն սցենարը, որը տապալեց Ուկրաինան, այստեղ անհնար է
Այսօրվա Վրաստանը 2013 թվականի Ուկրաինան չէ, այն ամուր ինստիտուտներով, այդ թվում՝ հզոր ուժային կառույցներով պետություն է, և այստեղ հնարավոր չէ խաղալ այն սցենարը, որը խաղացվեց 2013 թվականին, և որով տապալեցին Ուկրաինան,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ «Imedi LIVE» հաղորդման ընթացքում:
Իրակլի Կոբախիձեի խոսքով, երկրում բռնության և իրավիճակի սրման հնարավորություն այլևս չկա։
«Ամենակարևորը՝ 500 հոգանոց բռնության այս ռեսուրսը չեզոքացված է, և երբ դու չունես բռնության ռեսուրս, և մարդիկ դուրս չեն գալիս հավաքների, նրանք որևէ բան սրելու հնարավորություն չունեն։ Ակնկալում եմ, որ քանի որ ընդդիմությունն այլ ելք չունի, նրանք կնախընտրեն մտնել խորհրդարան։ Կարծում եմ՝ փետրվարին այսպես կլինի։ Հենց առաջին նիստում նիստերի դահլիճը կարող ենք տեսնել լեփ-լեցուն։ Հակառակ դեպքում նրանք պարզապես քաղաքական ինքնասպանություն կգործեն։ Տեսնենք, թե ինչպես կընթանան այս գործընթացները։ Հիմնական բանը, որ հասարակությունը պետք է հասկանա, այն է, որ այս մարդիկ, այս չորս քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները ինքնուրույն որևէ որոշում չեն կայացնում։ Զրո անկախություն: Սա նաև պատճառներից մեկն է, որ նրանք անընդհատ ինքնավնասման ռեժիմում են։ Ամեն անգամ նրանք կատարում են առաջադրանքը և ոչ մի դեպքում ինքնուրույն որոշումներ չեն կայացնում։ Այդ պատճառով նրանք հաճախ ստիպված են լինում լինել ինքնավնասման ռեժիմում։ Հարյուր տոկոսով, ամբողջությամբ, նրանց յուրաքանչյուր քայլը թելադրված է, էլ չասած, որ նրանց չեն հետաքրքրում մեր երկրի ազգային շահերը, չեն կարող նույնիսկ սեփական շահերի հետեւից գնալ։ Միակ բանը, որին հետևում են, արտաքին առաջադրանքներն են և գործում են միայն այս առաջադրանքների թելադրանքով, ոչ ավելին»,- ասաց վարչապետը։